Այսօր իմ ծառայողական մեքենայի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է և մեքենան կարճ ժամանակով կայանել անթույլատրելի վայրում՝ հետիոտնային անցման վրա (մասամբ փակելով այն)։ Ինքս այդ պահին մեքենայում չեմ եղել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է խախտումն ու տեղադրել սոցցանցում,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քանի որ որոշ լրատվամիջոցներ կարևորել են այդ «դեպքը» և վերահրապարակել իրենց մոտ, շահարկումները կանխելու համար անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ՃՈ կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, և վարորդս տեղում վճարել է տուգանքը։
Ներողություն եմ խնդրում այն հետիոտներից, որոնց այդ կարճ ժամանակահատվածում անհարմարություն է պատճառվել։ Սակայն ասեմ նաև, որ այդտեղ որևէ չարամիտ կամ արհամարհական դրսևորում հասարակության նկատմամբ պետք չէ փնտրել։ Ինքս նման դրսևորումներին միշտ դեմ եմ եղել թե՛ նախկինում, թե՛ առավելևս հիմա՝ պատգամավորի կարգավիճակում։
Բոլորիդ մաղթում եմ անվտանգ երթևեկություն»:
Нет описания фото.