Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իշխանափոխության այս անփառունակ 3 տարիներն ամփոփվում են ստերի եւ միֆերի բացահայտմամբ եւ/կամ հաստատմամբ:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածը (Սահմանադրական կարգը տապալելը) հակասահմանադրական է և հակասում է իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։

Վերոնյալը ենթադրում է, որ այս պահից սկսած ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածն այլևս չի հանդիսանում ՀՀ իրավական համակարգի մաս և այդ հոդվածով հարուցված քրեական հետապնդումները, եւ դրանցից բխող այլ սահմանափակումները, օրինակ՝ կիրառված խափանման միջոցները, ենթակա են անհապաղ դադարեցման և վերացման։

ՀՀ իրավական համայնքի գերակշիռ օբյեկտիվ մեծամասնությունը վերջին երեք տարիների ընթացքում պնդել և հիմնավորել է նշված դիրքորոշումը, սակայն գործող իշխող ուժը բոլոր հնարավոր եղանակներով փորձել է կանխել և հետաձգել նշված հարցի քննությունը Սահմանադրական դատարանում։

Չմոռանանք նաեւ այս եւ մի շարք այլ բոլոր կարմիր գծերը հատող եղանակներով Սահմանադրական դատարանի արժանապատիվ դատավորների նկատմամբ հետապնդումները, ներառյալ՝ մեկ օրվա ընթացքում իրականացված տխրահռչակ հակասահմանադրական սահմանադրական փոփոխությունները

Ցավով պետք է արձանագրել, որ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշումն ակնհայտորեն բխում է նաև գործող իշխող ուժի շահերից՝ հաշվի առնելով, թե քանի անգամ են նրանք վերջին երկու տարվա ընթացքում ակնհայտ կերպով տապալել ՀՀ սահմանադրական կարգը։

Հ. գ. ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին և Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքները, և դրանց հիմքով նրանց նկատմամբ կիրառված սահմանափակումները, ներառյալ՝ խափանման միջոցները և գույքի վրա դրված կալանքները ենթակա է անհապաղ վերացման»։