«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը թույլ տվեց Էրդողանին Թուրքիան լիովին հանել Ամերիկայի տակից' գլխատելով գլխավոր շտաբն ու մաքրելով բոլոր ուժային կառույցները: Ռազմական հեղաշրջման փորձը Հայաստանում Էրդողանին թույլ տվեց Հայաստանը լիովին հանել Ռուսաստանի տակից: Դա իհարկե արվեց ոչ մի օրում, ոչ էլ մեկ տարում: Մի քանի տասնամյակ շարունակ, Տեր-Պետրոսյանի իշխանավարման առաջին իսկ օրվանից ցանցի կառուցումը սկսվել էր: «Իսկանդերը» այս պատմության վերջին էջն էր:
Շատերդ չեք ընկալում «Իսկանդերի» նշանակությունը Ռուսաստանի համար: Այդ հրթիռը իրականում Ռուսաստանի ազգային անվտանգության միակ և հետևաբար ամենա կարևոր հենասյունն է: Այդ հրթիռի վարկանիշը հետևաբար շատ ավելի կարևոր է, քան ՌԴ ղեկավարի, կամ նույնիսկ հենց երկրի վարկանիշը: Քանի դեռ հակառակորդները վստահ են, որ Իսկանդերը կարող է մի քանի հազար կիլոմետր շառավղով միջուկային լիցք տեղափոխել, Ռուսաստանի հետ հաշվի կնստեն:
Մեր մոտ էնդշպիլը բավականին պարզունակ էր ու կանխատեսելի: ՌԴ-ն որոշում է ուժեր կենտրոնացնել ու հեռացնել' իր խոստումները չկատարած Փաշինյանին: Թուրքերը այդ տվյալները ստանում են ու հրահանգում հարվածել «Իսկանդերին»: Ռուսաստանն ընկնում է ցայտնոտի մեջ ու ստիպված պնդում է ու «Իսկանդեր» չի կիրառվել, ինչը նշանակում է, որ սուտ են խոսում' թե ռուս քարոզիչները, թե Սերժ Սարգսյանը և թե Մովսես Հակոբյանը և այլոք:
Արանքում տեղի է ունենում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Փաշինյանը երաշխիքներ է ստանում ու ՌԴ-ն այսուհետ չի խառնվի ՀՀ-ի ներքին գործերին: Երաշխիքը ստանալուն պես ուժի ցուցադրման միտինգ է բեմադրում ու վերջնականապես կոտրում ռուսական ցանցի դիմադրությունը:
Այս ամենը պետք է ընդունել ի գիտություն: Սա ոչինչ չի փոխում: Ուղղակի հույս ունեմ, որոշ մարդիկ դուրս կգան իրենց իսկ պատրանքների աշխարհից ու կդադարեն այն վարքագիծը, որի շնորհիվ ժամանակին Հայաստանում իշխանության եկավ Փաշինյանը:
Արկածախնդրությունը պետք է թարգել ու անցնել քրտնաջան աշխատանքի: Հայաստանում պետք է ստեղծել հայամետ ցանց, Սերժ Սարգսյանը մենակով երկար չի ձգի:
Ու ես ևս մեկ անգամ պիտի հարցնեմ: Կա՞ մեկը, որ կարծում ա, որ Էրդողանը լավ ղեկավար չէ... Սուլեյմանից հետո, Թուրքիայի համար էսքան արած մարդ չի եղել»։