Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վիրավոր Արցախը չի ծնկելու

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի բոլոր անդամներին, Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը,

Սիրելի Հայկին և Էմիլին,

Մեզ միշտ ոգևորել է Ավստրալիայի հայ համայնքի, տարբեր նահանգներում ապրող մեր հայրենակիցների, նրանց կողմից ստեղծված կառույցների արդյունավետ և հետևողական աշխատանքը, որոնք, համախմբված Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդյայի թեմի շուրջ, իրենց գործունեությունը նպատակաուղղել են հայապահպանության անչափ կարևոր գործին՝ երիտասարդության մեջ սերմանելով ազգասիրության և հայրենասիրության հունդեր։

Ուրախ ենք արձանագրել, որ Հարավային Ավստրալիան Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչած և բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար Ադրբեջանին ու Թուրքիային դատապարտած երկրորդ ավստրալիական նահանգն է: Ճանաչման բանաձևն ընդունվել է նահանգային խորհրդարանում։

Ձեր հետևողական, ազգաշահ գործունեության շնորհիվ պատերազմի ծանր օրերին Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանը, այսօր էլ Հարավային Ավստրալիայի խորհդրարանը ճանաչեցին Արցախի ինքնորոշման իրավունքը և միացան նահանգային և քաղաքային այն խորհրդարաններին ու խորհուրդներին, ովքեր օժանդակում են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օրինական գործընթացին։ Այս բանաձևն առավել կարևոր է, քանզի երեք ամիս առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմն Արցախում իրականացրեց ցեղասպանություն՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և կատարելով պատերազմական հանցագործություններ, կիրառելով արգելված զենք ու զինամթերք, ֆոսֆորային անձրև տեղալով անտառների և այնտեղ պատսպարված հայերի վրա, գերության մեջ պահելով մեր հարյուրավոր զինվորների ու քաղաքացիների։ Զոհվեցին, վիրավորվեցին ու հաշմվեցին հազարավոր երիտասարդներ, հայրենազրկվեցին և փախստական դարձան տասնյակ հազարավոր արցախցիներ։ Այժմ էլ, շարունակելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ոտնահարումը, թշնամին ոչնչացնում է հայկական ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու գերեզմանատները․․․

Այո՛, պանթուրքական ազգայնականների նպատակն է Արցախում իրականացնել էթնիկ զտումներ, և միայն միջազգային հանրությունը, մեր ռազմավարական գործընկերները, հայ ժողովրդի վճռական գործողություններն ու պառլամենտականների միասնական և հուժկու պայքարը կարող է կանգնեցնել հանցագործին, արգելել ուժի կիրառման ամեն մի փորձ և պետական, քաղաքական, միջազգային բոլոր ատյաններում ճանաչել ազգի ինքնորոշման իրավունքի իրացման համար ոտքի ելած արցախահայության արդար իրավունքները՝ այն հավատով ու վստահությամբ, որ վիրավոր ու արնածոր Արցախը չի ծնկելու, այլ, Գողգոթայի ճանապարհն անցնելով, վերածնվելու է․․․

Խորին երախտագիտություն եմ հայտնում Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին, նրա գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանին, Հարավային Ավստրալիայի հայկական մշակութային միությանը, միության նախագահ Էմիլ Դավիդյանին, ողջ հայ համայնքին՝ ազգօգուտ գործունեության, արդեն երկու նահանգային խորհրդարաններում Արցախի ինքորոշման իրավունքը ճանաչելու և Թուրքիային ու Ադրբեջանին նրանց ցեղասպան գործողությունների համար դատապարտելու ակտիվ ջանքերի համար։

Առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում բանաձևի հեղինակներին և նահանգային պառլամենտի բոլոր անդամներին, ովքեր միաձայն ընդունեցին Արցախյան Բանաձևը։

Շնորհակալություն»։