Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են Նիկոլի ու քաղաքապետ Հայկի հարաբերությունները: Որ պատեհ-անպատեհ նա հայհոյում է Հայկին և բարձրաձայնում Հայկին քաղաքապետ դարձնելու սխալ լինելը:
Որ Հայկ Մարությանը Երևանի վատագույն քաղաքապետն է և ձախողել է մեր քաղաքի կառավարումը, խոսել եմ երկու տարուց ավելի: Որ մշտապես պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը՝ երևանցիներին խաբելու համար, իմ կողմից եղել են բազմաթիվ հարցազրույցներ և հրապարակումներ: Հրաժարականի տրամաբանությունս նրանում էր, որ Երևանում կայանային նոր ընտրություններ՝ ոչ էյֆորիկ վիճակում:
Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա.
Կա երկու տարբերակ՝
առաջինը՝ Հայկի հրաժարականի դեպքում, ընտրել ավագանու անդեմ ուսապարկերից մեկին (ՔՊ-ականներն են իրենց ցուցակներով ընտրվածներին համեմատում ուսապարկերի հետ): Այդ դեպքում Երևանից կմնան փլատակներ՝ Հայկ Մարությանից հետո դա կլինի վերջնական հարված Երևանին՝ մեր քաղաքին նիկոլը նոկաուտի կենթարկի:
Երկրորդ տարբերակը նոր ընտրություններն են: Ինչպես գիտենք, բոլոր պետություններում ընտրություններ անցկացնելը սթրես է պետության համար: Ինչքան ամուր է պետական համակարգը, այնքան այդ սթրեսը պետությունը թեթև է տանում:
Արդյո՞ք մեր պետական համակարգն ամուր է, միանշանակ ո՛չ:
Այսինքն նոր ընտրության տանելով՝ Նիկոլը նոկաուտի կենթարկի ամբողջ պետությունը:
Էնպես որ՝ Նիկոլը թող ոչ մի տեղ չփնտրի արկածախնդրություն, որովհետև բոլոր պրոբլեմների լուծումները սկսվելու են իր իսկ հրաժարականից հետո:
Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, մի անգամ ասել եմ իր անելիքները.
1. մեր հանրությունից ներողություն է խնդրում սև-սպիտակ թեզը առաջ քաշելու համար:
2. հենց ինքն է հրապարակային պահանջում իր «երբեմնի» ղեկավարի հրաժարականը:
3. մասնակցում է Արցախի ու մեր ամբողջ հայրենիքի համար քաղաքացիական անհնազանդություններին, չէ՞ որ 50 դրամի համար ինքը դա անում էր:
Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրա՞մն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը»: