Այսօր սիրված բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

1915թ. այս օրն Ալեքսանդրապոլում (ներկայում՝ Գյումրի) ծնվեց բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան):

Ուսանել է ԵՊՀ-ում և Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում: 1958թ. հրատարակում է «Քնար Հայաստանի» գրքի առաջին հատորը: Երկրորդ և երրորդ հատորները հրատարակվում են 1965-ին ու 1974-ին: Այս ժողովածուները ներառում են Շիրազի պոեզիայի լավագույն նմուշները:

Առաջին գործը՝ «Գարնան սկիզբ» անվանմամբ, հրատարակվել է 1935 թ.: Շիրազը հեղինակել է հայրենասիրական և լիրիկական պոեմներ՝ «Անի»,«Իմ մայրիկ», «Թող իմ սերը գաղտնի մնա»,«Սիամանթո և Խաջեզարե», «Էքսպրոմ»,«Հեթանոսական սիրո նման», «Իմ սուրբ հայրենիք», «Հայերի ճակատագիր», «Անդրանիկին» և այլն:

Շիրազը մոտ 40 բանաստեղծությունների և թարգմանությունների գրքերի հեղինակ է: Նրա հարուստ բառապաշարը և զգացմունքային ոճը՝ հարստացված ժողովրդական և բարբառային տարրերով, նրա պոեզիան դարձրին հայ գրականության լավագույն նմուշներից:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ, սակայն Ատրպետն առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն էր ասում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն։

Նրա ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով։ Ամենից շատ թարգմանվել է «Բիբլիական» պոեմը:

Հովհաննես Շիրազի անունով են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց: Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը:

Շիրազի առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր: Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է: Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ:

Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին: Վախճանվել է 1984թ. մարտի 14-ին, Երևանում: