Նիկոլը հասկանում է, որ իր ընդդիմությունը կուսակցությունները չեն, առանձին խմբերը չեն։ Իր ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինքը պայքարում է ՀՀ–ի դեմ: Նման հայտարարությամբ հանդես է եկել քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, գրել է․

«Ինչպես դուրս գալ Նիկոլի 2020–ից

Աշխարհը 2021–ում է, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մեզ մոտ դեռ 2020 թվականն է։ Նոր տարին չի եկել։ Ու չի գալու այնքան ժամանակ, մինչև Հայաստանի վրայից չմաքրենք դավաճանության, պարտության ու խայտառակության խորհրդանիշին։

2020–ը Նիկոլի տարի էր։ Նա միշտ ատել է Արցախը, ղարաբաղցիներին ու Հայոց բանակը։ Նման մարդը գտածո էր թուրքերի ու ադրբեջանցիների համար։

2020–ին Նիկոլ Փաշինյանի հրամանատարությամբ մենք կորցրեցինք Արցախի պետականությունը, ղարաբաղցիները դարձան փախստական, Հայոց բանակը դե ֆակտո գրեթե չկա։

Բոլորիս ուշադրոթյունը, բնականաբար, մարդկային ու տարածքային կորուստների վրա է, բայց չմոռանանք, որ մենք նաև միլիարդավոր դոլարների հասնող զինտեխնիկայի կորուստ ենք ունեցել։ Դրա վերականգնումը հսկայական ջանքեր ու միջոցներ է պահանջելու։

Ինչ մնում է Հայաստանին, ապա այն խիստ պայմանականորեն կարելի է անկախ պետություն անվանել, քանզի մեր անվտանգությունն ապահովվում է բացառապես Պուտինի միջոցով։ Թուրքիան մարշ–բրասոկով չի մտնում Հայաստան, իսկ Ադրբեջանը չմտավ Ստեփանակերտ ի հեճուկս Փաշինյանի բռնած գծի ու ի հաշիվ ռուսական գործոնի։

2020–ին մենք կորցրեցինք հազարավոր տղաներ, որոնց թիվը մեզ չեն ասում։ Չեն ասում գերիների, անհետ կորածների, վիրավորների, հաշմանդամների թվերը։ Կրկին խաբում են, կեղծում ու թաքցնում։ Ինչպես որ 2018–ի մայիսի 8–ից սկսած։ Ինչպես որ պատերազմի 44 օրերին։

Սուտը, կապիտուլյացիան, անկումը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետի աթոռին է։ Ինքը աղբյուրի վրա նստած հրեշն է, որը ցամաքեցնելու է մեր երկիրը։

Նիկոլը հասկանում է, որ իր ընդդիմությունը կուսակցությունները չեն, առանձին խմբերը չեն։ Իր ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունն է։ Ինքը պայքարում է ՀՀ–ի դեմ, քանզի վերջինս իրենից հաշիվ է պահանջելու արածների ու չարածների համար։ Նիկոլն ուզում է հաշիվ պահանջողին վերացնել, որ իր հաշիվներին ոչինչ չսպառնա, որ հայ ժողովուրդը հավերժ մնա չարաբաստիկ 2020–ում։

2021 մտնելու անհրաժեշտ նվազագույն պայմանը, հետևաբար, նոր իշխանության ձևավորումն է՝ առանց Նիկոլ Հայաստանը։ Նոր տարին միայն այդ դեպքում կգա»։