Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ահա, թե ինչ է ասում այս պետական դավաճանը. «Եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, նաեւ երկաթուղային հաղորդակցություն ունենալ եւ Իրանի հետ եւ Ռուսաստանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն կլինի, թե՞ վատ նորություն է: Եթե մենք, օրինակ, Նախիջեւանով գնալու ենք Իրան, մենք ոնց ենք պատկերացնում, մենք ասելու ենք`Նախիջեւանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջեւան, դա հնարավո՞ր է» (https://news.am/arm/news/621205.html)։
Պարզվում է, մենք մեր թշնամիների հետ բոլոր խնդիրներն արդեն լուծել ենք՝ մնացել է միայն բացել միմյանց միջև հաղորդակցության ուղիները, բարիդրացիական հարաբերություններ հաստատել և ապրել նրանց հետ հաշտ ու խաղաղ։
Ն. Փաշինյանի համար գոյություն չունեն Հայաստանի Հանրապետության իքնիշխանության, երկարաժամկետ անվտանգության ու ֆիզիկական գոյատևման հիմնահարցեր, որոնք մեզ պարտադրված ներկա պետական սահմանների մեջ պարզապես անլուծելի են։
Ն. Փաշինյանը նկատելու չի տալիս Հայաստանի ազատագրված տարածքում հայկական նյութական, հոգևոր ու մշակութային վիթխարի ժառանգությունն ու թշնամու կողմից նրա ընթացիկ ոչնչացումն ու յուրացումը։
Հայ ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող ադրբեջանա-թուրքական ցեղասպանական քաղաքականությունը Ն. Փաշինյանն ընդունում է որպես կյանքի օրենք, սովորական մի բան, որի դեմ ընդվզելն ու պայքարելն անիմաստ զբաղմունք է։
Ն. Փաշինյանն անտեսում է թուրք-ադրբեջանական դաշինքի բազմիցս բարձրաձայնված սպառնալիքները ՀՀ ներկայիս տարածքի նկատմամբ և թշնամու՝ Հայաստանից նոր հողակտորներ պոկելու և անընդունելի զիջումներ կորզելու նպատակները։
Թշնամու կողմից հայոց հավաքական արժանապատվության ամենօրյա ոտնահարումներն այս ազգադավ տարրին, բնականաբար, չեն հուզում։
Ն. Փաշինյանը վաղուց անցել է բոլոր սահմանները։ Նրան պետք է կանգնեցնել»։