Մոնթեի հետ ծանոթացել եմ 1992թ. փետրվարի 22-ին, Վերին Վեյսալուի ազատագրման ժամանակ։ Տեխնիկայի օգնությամբ եւ մեր ուժերով Վերին Վեյսալուն գրավելիս վիրավորվեցի։ Երեւանում բուժվելուց հետո ներկայացա ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանին' իմանալու հետագա անելիքս։ Ասաց, որ Մոնթեն անծանոթ է մեր «մենթալիտետին», եւ իմ ներկայությունն այնտեղ ճիշտ կլինի։ Ես մեկնեցի Մարտունի։ Սկզբում Մոնթեի տեղակալն էի։ 1992թ. հուլիսի 28-ին հակառակորդն անցավ ծավալուն հարձակման։ Ես ղեկավարում էի Ճարտարի ուղղության պաշտպանությունը։ Փայլուն հաղթանակից հետո ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահի հրամանով նշանակվեցի Ճարտարի գումարտակի հրամանատար եւ ձեռնամուխ եղա բանակային գումարտակների ձեւավորմանը։ Ինձ համար ամենահայրենասեր, ամենաազնիվ մարդն էր Մոնթեն։ Ազնիվ էր ու անկոտրում։ Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալիզմին, նա պրոֆեսիոնալ էր իր անցած ճանապարհով' որպես կորցրած հայրենիքի, Հայ դատի զինվոր, նաեւ ռազմական գործի իմացությամբ։ Մեծ հայ էր։

 

 

Եթե իմանաք, թե Մարտունիում ինչ աստիճանի դժվարություններ հաղթահարեց, բայց ոչ մի անգամ չասաց' կթողնեմ, կգնամ։ Ինքն իրեն հստակ խնդիրներ էր առաջադրում, այնպիսի խնդիրներ, որ այդ օրերին, այդ իրավիճակում մեզ թվում էին անիրագործելի։ 1992-93թթ. շատ ծանր իրադրություն էր։ Շահումյանը հայաթափվել էր, Մարտակերտը գրեթե ամբողջությամբ զավթված էր, Հադրութի գյուղերը' նույնպես։ Եվ անկումի այդ իրավիճակում Մոնթեն ասում էր. «Ղարաբաղի սահմանը պետք է այստեղ լինի»,- ու գծագրում էր ԼՂՀ այսօրվա սահմանները։ Մենք մտածում էինք, որ նա մեծ երազող է։ Մեր երազանքն էր ընդամենը վերադարձնել մեր գյուղերը։

 


Շատ լավ էր տիրապետում բանակային կարգուկանոնին։ Արտոնյալ անձանց (կային այդպիսիք) շարք կանգնեցնելու խնդիրներ շատ էին ծագում։ Ասում էին. «Մենք կռված ջոկատ ենք»։ Մոնթեն հրամայում էր. «Ինձ կռված տղաներ պետք չեն, ինձ զինվորներ են պետք, շա՛րք կանգնեցեք»։
Համոզված էր' մեր հաղթանակի երաշխիքը կանոնավոր բանակ ունենալն է։ Երազում էր, որ բոլոր մարտիկները միատեսակ հագնվեն։ Ցավոք, չհասցրեց տեսնել այդ ամենը։ Չէր թողնում, որ գերիների հանդեպ դաժան լինեն, գրաված տարածքում նեղացնեն բնակչությանը։

 


Շատ բարձր եմ գնահատում այն, որ միշտ արդյունավետ արված գործը վերագրում էր իր ենթականերին, իսկ ենթակաների չարածը' իրեն։ Նրա ամենատպավորիչ, էական հատկանիշը մի օրինակով չես սպառի։ Ենթականերին նախապատրաստում էր որպես վաղվա հրամանատարներ։ Գումարտակի հրամանատարին ասում էր. «Այս կռիվը դու պիտի վարես»։
Ավոյի խոսքը դարձել է թեւավոր. «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»։ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերում այս խոսքն ամենուր գրված է։
Եթե Մոնթեի պես աշխատենք ու ապրենք, վաղվա օրն ապահով կլինի։