Պատերազմում ներգրավված որևէ կողմ բավարարված չէ իրավիճակով, որ կա այսօր. նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Ադրբեջանն ամբողջ Արցախն էր ուզում, ստացել է յոթ շրջաններն ու Արցախի համարյա կեսը, Թուրքիան դժգոհ է, որովհետև ցանկանում էր ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հետ: Խոսքը, բնականաբար, Սյունիքով Ադրբեջանի հետ կապի մասին է, որը չի իրականացվել։ Ռուսաստանը դժգոհ է, որովհետև չէր պլանավորել, որ իր խաղաղապահները պետք է տեղակայվեին Արցախի տարածքի մի հատվածում միայն: Հայաստանն էլ չի կարող գոհ լինել այն իրավիճակից, որը կա: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ լարվածությունը չունի պակասելու միտում, Հայաստանում ներքաղաքական լուրջ հետցնցումներ են տեղի ունենում: Գոհ չէ նաև Վրաստանը, որովհետև նրա սահմանին ռուսական ներկայությունը մեծանում է, չի բացառվում, որ մոտ ապագայում Ռուսաստանը հայ-վրացական սահմանի պահպանությունը կբերի օրակարգ, որովհետև այդ սահմանը ոչ միայն ԵԱՏՄ և ՀԱՊԿ արտաքին սահմանն է, այլև ԱՊՀ արտաքին սահմանն է: Սա պատերազմից հետո բարդությունների երկորդ փուլն է, որը նույնքան բարդ է լինելու հաղթահարել, որքան պատերազմը»,- ասել է նա։