Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայե՛ր, դադարեցրե՛ք ինքնախարազանումն ու ինքնապախարակումը։ Վերջացրե՛ք լացն ու կոծը։ Այդ ամենն անիմաստ է և անարդարացի։
Այս պատերազմում մենք կռվել ենք պատվով ու փառքով։
Պարզապես մեր դեմ էին դուրս եկել ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև աշխարհի հզորագույն ուժերը։ Այս վերջիններն են Հայաստանում իշխանության բերել իրենց դրածոներին, որոնք էլ դրսից իջեցված հրամանով դավաճանել են մեզ ոչ միայն վերջին երկուսուկես տարում ու 44-օրյա պատերազմում, այլև երկուսուկես տասնամյակ շարունակ։
Իսկ ռազմի դաշտում հայ զինվորն ու սպան՝ իրենց ունեցած սակավաթիվ ուժերով և միջոցներով, շատ անգամ են դաժան ջարդ տվել թշնամական միացյալ հորդային։
Հատուկենտ վախկոտների ու դասալիքների պատմությունները մատի փաթաթան մի՛ սարքեք։ Այդպիսիք միշտ էլ եղել են ուրիշ բոլոր ազգերի մղած պատերազմներում, ընդ որում՝ ավելի մեծ քանակով։
Հպարտացե՛ք հայ զինվորով ու համայն հայության բարձր մարտական ոգով, որ սավառնում էր աշխարհով մեկ։ Թուրքի դեմ այսօր ռուսն է վախենում կռվել, իսկ մենք կռվեցինք անվարան։
Ճիշտ է, մեր ուժերը չեն բավարարել անկախ հայկական պետություն կառուցելու համար։ Բայց հայ զինվորն ու բանակը կռվել են արիաբար։
Ճիշտ է, մեր քաղաքական «վերնախավը» փչացած է և ապիկար, բայց հայ զինվորն ու բանակը կռվել են անձնվիրաբար։
Դադարեցրե՛ք ողբը, մի՛ վերակառուցեք ազգային թերարժեքության հին բարդույթները, դրանց մի՛ ավելացրեք նորերը՝ ջուր լցնելով թշնամու ջրաղացին։
Սկսենք լուծումների մասին սառնասրտորեն մտածել։ Որքան էլ անելանելի է թվում Հայաստանի շուրջն ստեղծված իրավիճակը, դրանից ելքեր կան և մենք միասնաբար կորոնենք ու կգտնենք ճիշտ ճանապարհները։
Ամեն ինչ դեռևս առջևում է։ Եվ, այո՛, հաղթանակը մերն է լինելու։
Առաջն Աստված»։