Հողի համ ուներ, այդպես էլ պիտի լիներ՝ հողը պիտի հողի համ ունենար: Բայց սա ուրիշ էր. ազատագրված հող էր՝ արյունոտ, անուժ, բայց ոգեկոչող ու վեհացնող: Մաշված ու ապականված հող էր' մաքրագործման ու ապաքինման ուղին բռնած:
Միշտ ցանկացել էր իմանալ, թե հողը ինչ համ կունենար, այն հողը, որը կլանել էր մարդկային կյանքեր և թանկ էր մարդկային կյանքից…
Զինադադար էր: Արդեն մի քանի օր էր, ինչ ջոկատի զինվորները հաց չէին կերել, ծանր էին քայլում, թեև լռում էին. ամոթ էր պատերազմի ժամանակ մտածել քաղցի մասին:
Մեկ ձոր էր բաժանում հայերին ու ադրբեջանցիներին, որը «Մահվան բուն» էին ասում: Ձորում գերեզմանային լռությունը հաճախ խախտում էին մարդկային աղեկտուր ձայներ, և «Մահվան բուն»-ն ազդարարում էր անդառնալի կորստի մասին…
Արմենն անթիվ ու անհաշիվ անգամ հայհոյում էր ադրբեջանցիներին, գորովանքով նայում զինակից ընկերներին ու մտածում. «Մի՞թե ճակատագրի ծաղր է, որ անպարտելի զինվորները սովահար լինեն, թուլանան քաղցի պատճառով, գոնե մի կենդանի, շունչ-արարած լիներ»…
Թփերից նայում էր փոքր-ինչ իրենից կուշտ, անտեր ու անպետք շունը: «Չէ, միայն ոչ սա»…
Երեկոյանում էր: Զինվորները չէին էլ տրտնջում, որ հաց չեն կերել, բայց Արմենը լավ էր հասկանում, թե ինչքան սոված էին: Հարկավոր էր ինչ-որ բան մտածել, թե չէ ուժասպառությունը կարող էր ճակատագրական լինել…
Արմենը ձեռքը տարավ լամպի ուղղությամբ, որ վառի, և մի հետաքրքիր միտք առկայծեց գլխում ավելի շուտ, մինչ պատրույգը կվառվեր: Հիշեց այն ադրբեջանցիներին, ովքեր խնդրել էին սպանվածների դիակները տանեն ձորից: Նրանցից երկուսն այնքան լավ հայերեն էին խոսում, որ Արմենը սովորականի նման չկարողացավ հայհոյել: Ծամածռված շրթունքերով միայն կիսահայհոյախառն բառեր նետեց: Ջոկատի հրամանատարից հանձնարարություն էին ստացել, որ թույլ տան իրենց մեռելներին տանեն: Հազիվ էր զսպում, որ տիրապետի ձեռքերին և չաքցանի թշնամու կոկորդը:
- Հե՜յ…
Ադրբեջանցիները իսկույն արձագանքեցին, նրանց մեջ էին այն երկուսը, որ հայերեն էին խոսում:
- Խաղ չկազմակերպե՞նք, ասենք՝ մրցույթ, ով պարտվի գառ ա տալիս:
Ջոկատի զինվորներն արդեն տեղյակ էին Արմենի մտահաղացման մասին, միայն փորձում էին զգուշություն պահպանել, որ թշնամին որևէ քայլ չձեռնարկի:
- Ի՞նչ խաղ:
- Կուտը կերան, տղերք, - Արմենը վերցրեց լամպը և կանգնեց ձորի բերանին, - լսեք, մենք այ էն քարի վրա դնում ենք էս լամպը, դուք էլ ձերը էդ քարերից մեկի վրա: Հերթով կրակում ենք, ով վրիպեց, պարտվում ա, ի՞նչ կասեք:
Մինչ Արմենի ասածներն ադրբեջանցիները կթարգմանեին ու կփորձեին համաձայնության գալ, հայ զինվորներն արդեն նախապատրաստվում էին խաղ-մրցույթին: Արմենը գիտեր, որ չեն մերժելու. ախր նրանք հաղթանակի կարոտ էին' թեկուզ նման եղանակով:
Ադրբեջանցիները համաձայնվեցին, նրանց լավագույն դիպուկահարները պատրաստվեցին, Արմենը քմծիծաղ տվեց.
- Հիմարներ, առը հա, թե կկպնեք, լավ նշան բռնեք, հա…
Հայ զինվորների տեղադրած երեք լամպերի ապակին էլ հանած էր: Դե թող իրենց կարճ խելքով կռահեին, թե չէ հիմար-հիմար նայում էին լույս արձակող պատրույգին, որը հանգիստ այրվում էր, բարեբախտաբար քամի էլ չկար…
Ադրբեջանցիների տարակուսանքն ու զայրույթը զվարճացնում էր Արմենին:
- Էլի, էլի փորձեք, մի հատ էլ…
Հայ նշանառուների կրակոցներից թշնամու լամպերը ջարդուփշուր էին լինում, հաղթանակն անխուսափելի էր...
1 ժամ հետո հայկական ջոկատում տարածվեց գառի խաշլամայի բույրը, զինվորները կուշտ փորով լուսացրեցին: Գառը մի ամբողջ ջոկատ կերակրեց, Արմենը գոհ էր…
Մի-երկու օր էլ, որ դիմանային, թիկունքից սնունդ էին ստանալու, բայց միայն հաց ստացան…
- Դիմացեք, տղերք, հեսա միս ու հաց են ուղարկում:
Շանը գլխից կրակեց, մաշկեց, եփեց ու ինքն էլ կերավ մսից: Մտածեց. «Միևնույն է, թե ինչ ենք ուտում, կարևորը պինդ լինենք, կուշտ, պատերազմ է, պարտվել չենք կարող»: Ցանկացած հայ գիտեր, թե ինչ էր նշանակում այս պատերազմը, որ ապրելու գինը հենց ապրելն էր…
Շան մսից հողի համ էր գալիս՝ դառը, արնախառն արցունքի, անհամ, չոր նշխարքի, ինչպես ազատագրված տարածքի հողի համը…