Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգեւորում եւ մղում ենք բաղձալի հաղթանակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Հիմա մենք մեր հասարակությանը նախապատրաստում ենք ցավոտ փոխզիջումների, թե՞ տրամադրում, կազմակերպում, ոգեւորում եւ մղում ենք բաղձալի հաղթանակի։
Երբ զորքը ճակատում կռվում է, երբ հայտարարվում է համազգային զորահավաքի մասին, երբ զինկոմիսարիատներում հերթ կանգնելու կոչեր է հնչեցվում երկրի ղեկավարի կողմից եւ զուգահեռ խոսվում է կապիտուլյացիայի կամ դրան այլընտրանք ցավոտ փոխզիջման մասին, այս ամենը դառնում է եւ՛ անհասկանալի, եւ՛ անընդունելի։
Այս վճռորոշ պահին ի՞նչ իմաստ եւ նպատակ ունի խոսել ցավոտ փոխզիջումների մասին։
Ժողովուրդի վարքագիծն այս օրերին հերոսական է՝ զինվորից մինչեւ գեներալ, կամավորից մինչեւ թիկունքում գտնվող քաղաքացի, սգացող ընտանիքներից մինչեւ բժիշկ եւ առաջնագծում հերոսացող երիտասարդ։
Անհրաժեշտ է հասկանալ բացթողումները, շտկել սխալները եւ կառավարման նոր որակ մտցնել ռազմաճակատում եւ թիկունքում։
Հիմա էլ կրկնում եմ պատերազմի առաջին օրից մեր կողմից հնչող կոչը՝ իրական համախմբումը եւ ողջ հայ ժողովրդի ներուժի արդյունավետ օգտագործումը կենսական անհրաժեշտություն է։ Չհաղթելու տարբերակ չունենք»։