Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ ոստիկանությունը, «աշխարհը» ու դիմակները
 
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. «Աշխարհում կրկին պարտադիր է դարձել դիմակի կիրառումը: Այդ ուղղությամբ խստացվում են երկրների գերակշիռ մասի օրենսդրությունն ու վերահսկողական մեխանիզմները, որոնց կիրարկումն ապահովում են ոստիկանական մարմինները» (https://news.am/arm/news/602815.html
Այս առթիվ մի քանի հարց եմ ուզում ուղղել ՀՀ ոստիկանության ղեկավարությանը.
Պարոնայք սպաներ, «աշխարհ» ասելով՝ դուք ի՞նչը նկատի ունեք ։ Ըստ ձեզ, ո՞ր երկրներն են մտնում «աշխարհի» մեջ։
Այսպես, անծայրածիր Ռուսաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Գրեթե ամբողջ Եվրոպայում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Գրեթե ամբողջ ԱՄՆ-ում ու Կանադայում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Գրեթե ամբողջ Լատինական Ամերիկայում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Ճապոնիայում, Վիետնամում, Լաոսում ու Կամբոջայում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Գրեթե ամբողջ Աֆրիկայում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ։
Շատ ու շատ ուրիշ երկրներում բաց տարածքներում դիմակ կրելը ևս պարտադիր չէ։
Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Կանադան, Լատինական Ամերիկան, Եվրոպական Միության երկրները, Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան, Ճապոնիան, Վիետնամը, Լաոսն ու Կամբոջան «աշխարհի» մաս չեն կազմում։
Իսկ Շվեդիան, որտեղ դիմակ կրելն առհասարակ հակացուցված է (և՛ բաց, և՛ փակ տարածքներում), ըստ ՀՀ ոստիկանության, առհասարակ Երկիր մոլորակի վրա չի գտնվում։ Բելառուսն էլ Մարսում է կամ Վեներայի վրա։
Ի դեպ, Անգլիայի դպրոցներում դիմակ կրելն արգելված է։ Նույնը նաև Շվեյցարիայում։ Այս երկրներն էլ, ըստ ՀՀ ոստիկանության, երևի, Յուպիտերի վրա են։
Առհասարակ, ավելի դժվար է ասել, թե ո՞ր երկներում է ոստիկանությունն, իր ողջ ուժերը լարելով, ընկել փողոցներում ու զբոսայգիներում մարդկանց պարտադրում դիմակ կրել։ Այ, երբ կպարզենք այդ ուշագրավ հարցի պատասխանը, այն ժամանակ էլ կհասկանանք, թե ՀՀ ոստիկանությունն ինչ է հասկանում՝ «աշխարհ» ասելով։ Իմ իմացածով՝ մեկ էլ Ադրբեջանում է նմանատիպ անհեթեթ մի վիճակ տիրում։ Կա-չկա՝ «աշխարհը» ՀՀ ոստիկանության ղեկավարների համար հե՛նց Ադրբեջանն է։
Սա դեռ ամբողջը չէ։ Փաշինյանական խունտայի օրոք ոստիկանությունը, փաստորեն, սկսել է կատարել նաև հակահամաճարակային ուղեղային կենտրոնի գործառույթներ՝ հեղինակավոր կարծիք հայտնելով, թե «Աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ մեր հանրապետության փորձը վկայում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ դիմակը»:
Այս ամենի կապակցությամբ երեք հորդոր ունեմ ՀՀ ոստիկանության ղեկավար դեմքերին.
1. Վարձե՛ք աշխարհագրության դպրոցական մի լավ ուսուցիչ, որպեսզի նա ձեզ շտապ գոնե մոտավոր պատկերացում հաղորդի աշխարհի քարտեզի մասին։
2. Ծանոթացե՛ք հայ ճանաչված բժիշկների ու գիտնականների բազմիցս հրապարակավ արտահայտած տեսակետներին, ըստ որոնց՝ դիմակները վիրուսներից ոչ միայն չեն պաշտպանում, այլև վնասակար են առողջության համար։
3. Համաճարակային իրավիճակի մասին կարծիք արտահայտելու փոխարեն, ուսումնասիրեք ՀՀ Սահմանադրությունը, որն արգելում է ձեզ ոտնահարել մարդկանց հիմնարար իրավունքները, առավել ևս շնչելու դիմաց քաղաքացիներին հետապնդելը, ճնշելն ու անխնա տուգանելը։
Հարգանքով,
Ա. Ա.»: