Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1991-2018թթ․ Հայաստանում ընդհատվել է մոտ 434,000 հղիություն։ Վստահաբար, իրական թիվը շատ ավելի մեծ է, քանզի հղիության ընդհատումները բազմաթիվ դեպքերում կատարվում են ոչ լեգալ եւ չեն արձանագրվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ գործող օրենսդրությունը նախատեսում է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ չծնված երեխային զրկելով կյանքից։ Օրինակ, երբ հղիությունը մինչև 12 շաբաթական է, կինը (չծնված երեխայի մայրը) հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ, առկա են հանգամանքներ, որոնք ավելի հավանական են դարձնում երեխայի մոտ արատների զարգացումը (ընտանիքում զարգացման արատներով երեխաների կամ սեռի հետ փոխկապակցված ժառանգական հիվանդությունների առկայություն), առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ՝ հղիության ընթացքում ամուսնու մահը կամ ամուսնալուծությունը, կնոջ կամ ամուսնու՝ պատիժն ազատազրկման վայրում կրելն ու մի շարք այլ դեպքերում։
Զոհրաբյանը նշել է, որ ինքը եւ Շաքե Իսայանը առաջիկա օրերին շրջանառության մեջ ենք դնելու չծնված երեխային կյանքի իրավունքի մասին օրենքի նախագիծ, որով արգելվելու է հղիության արհեստական ընդհատումը, բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ։