14:34
Իսկական խավարամիտները փորձում են «բարեփոխումներ» անել կրթական ոլորտում

Կրթական ոլորտն իրոք ունի բարեփոխումների կարիք, սակայն ներկայիս իշխանությանը պետք է հեռու պահել որևէ փոփոխություն անելուց այդ ոլորտում, քանի որ նրանց կողմից արված փոփոխությունների վտանգավոր հետևանքները երկար ժամանակ շատ բարդ է լինելու չեզոքացնելը։

Պետք է հասկանալ, որ գլոբալ փոփոխություններ են կատարվում ամենուրեք՝ երկրներն ընտրում են նոր համակարգ, ընտրությունն էլ շատ չէ՝ ազգայնական-պահպանողական կամ խեղաթյուրված գլոբալիզացիա։

Ինչո՞ւ եմ ասում խեղաթյուրված, կարճ կասեմ, գլոբալիզացիայի գաղափարն ինքնին վատը չէ, եթե այն չօգտագործվեր լիբերալ ֆաշիստների կողմից, տնտեսական գլոբալիզացիան առավել ևս կարող էր արդյունավետ լինել ամբողջ աշխարհի համար, սակայն այն դեռ ուտոպիա է։ Այն, ինչ այժմ փորձ է արվում ներդնել կապ չունի դասական գլոբալիզացիայի հետ և լիբերալ ֆաշիզմ է՝ իր բոլոր բացասական և կործանարար հետևանքներով։

Հենց սա է պատճառը, որ նույնիսկ եվրոպական երկրներն այժմ անցում են կատարում ազգային-պահպանողական համակարգին, քանի որ միայն այդ կերպ է հնարավոր պահել ազգային ինքնությունը, ռեսուրսները, տարածքը և պետականությունը։

Կարևոր է նաև արձանագրել, որ հենց կրթական մոդելի միջոցով է հիմք դրվում որևէ համակարգին՝ եթե ընտրվում է ազգային հենքով կրթական ծրագիր, ապա դա նշանակում է, որ պետությունն ընտրել է ազգային-պահպանողական մոդելը, եթե կրթական չափորոշիչների հիմքում դնում են խեղաթյուրված գլոբալիզացիայի մոտեցումներն, ապա միանգամից պարզ է դառնում, որ պետությունն ընտրել է ազգային ինքնության, պետականության, ռեսուրսների հաշվին լիբերալ ֆաշիզմին ձուլվելու մոդելը։

Կրթական չափորոշիչները շատ կարևոր են ոչ միայն երեխաների անվտանգ կրթության, առողջ հասունացման և հետագա զարգացման համար, այլ նաև պետության ապագայի տեսանկյունից։

Ինչ վերաբերում է կրթական բարեփոխումներին, այո, դրանք պարտադիր պետք է լինեն, սակայն դա պետք է անի իշխանություն, որն իրապես ազգային-պահպանողական արժեքների կրող է։ Խնդրում եմ, տարանջատել նաև պահպանողական տերմինը հետամնացությունից, քանի որ իրական հետամնացությունը հենց լիբերալ ֆաշիզմն է, երբ իբր ազատամտությունից դրդված ոտնահարվում են մարդկանց սեռական, անձնական կյանքի, ընտանիքի անձեռնմխելիության իրավունքը։ Կալիգուլայի ժամանակաշրջանին հատուկ բարքերի վերադարձը համարում են առաջադիմություն այն դեպքում, երբ իրականում դա է հենց իսկական խավարամտությունը։

Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս