Պարո՛ն վարչապետ, Ձեր կառավարությունը պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանին գերությունից ազատելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:
«2011 թվականի հոկտեմբեր ամսին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն իսրայելցի շարքային զինվոր Գիլադ Շալիթին պաղեստինյան գերությունից ազատելու համար նրան փոխանակեց 1000 պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնց թվում կային նաև Համասի գրոհայիններ:
Այդ զինվորը հինգ տարուց ավելի գտնվում էր գերության մեջ: Նրան ազատելու համար Իսրայելն անգամ ռազմական գործողություններ է իրականացրել Գազայի հատվածում:
Զինվորի ծնողները մի քանի տարի Իսրայելի վարչապետի գրասենյակի դիմաց կազմակերպել են բողոքի գործողություններ՝ պահանջելով իրենց որդու վերադարձը:
Վարչապետ Նաթանյահուն այս առիթով հայտարարել է, որ որոշումը շատ դժվարին էր, սակայն ինքը պարտավորություն էր զգում տուն վերադարձնել զինվորին, որին պետությունն էր մարտի դաշտ ուղարկել՝ ավելացնելով, որ ինքը իր 1 զինվորին ազատելու համար վճարում է շատ թանկ գին՝ 1000 պաղեստինցի, բայց վճարում է:
Իմ խորին համոզմամբ, այսպիսի քաղաքականությամբ է պայմանավորված Իսրայելի և նրա բանակի հաջողության գաղտնիքը, որտեղ մեկ զինվորի կյանքը կարող է հավասարազոր լինել 1000 մարդու հետ:
Ինձ մեկ-մեկ թվում է, որ մենք կենդանի մարդուն չենք սիրում, մենք կենդանի հերոսի գոյությունը չենք ընկալում:
Մեր հերոսը պետք է մեռած լինի, մեր 18 տարեկան զինվորն ու սպան պետք է սպանված կամ զոհված լինեն, որ մենք գնահատենք ու արժևորենք նրանց, հարգենք նրանց ՛՛Կենդանի՛՛ հիշատակը:
Ժողովու՛րդ, սա մեր հավաքական ողբերգությունն է:
Հենց այսպիսի մտածողությամբ ենք մենք դարեր շարունակ դոփել նույն տեղում...
Երեկ հայտի դարձավ, որ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը գերի է ընկել:
Ինձ տխրեցնում ու զայրացնում է մեր հանրային անտարբերությունը, պետական մարմինների լռությունը:
Ինձ համար ընդունելի չէ զինված ուժերի սպայի նկատմամբ ցուցաբերվող այս մոտեցումը:
Ամեն ինչ պետք է արվի՝ նրան հայրենիք վերադարձնելու համար:
Պարո՛ն վարչապետ, Ձեր կառավարությունը պարտավոր է ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանին գերությունից ազատելու համար...
Փառք ու պատիվ հայոց բանակի սպներին ու զինվորներին, որոնք, վտանգելով իրենց կյանքը, ապահովում են եմր հայրենիքի խաղաղությունը...»: