Նախորդ իշխանությունների օրոք Երևանի քաղաքապետարանը տարիներ շարունակ արժանանում էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ժանգոտ կողպեք» մրցանակին՝ որպես ամենափակ պետական հաստատություն։
Հիմա գուցե լրագրողների համար հեշտացել է քաղաքապետարանի հետ աշխատելը, բայց վերջին գրեթե երկու տարվա իմ ու Ֆիզիկայի գիտավանի բնակիչների փորձը քաղաքապետարանի հետ շփվելու, հուշում է, որ հանրային հաղորդակցության մեջ բան չի փոխվել, Հայկ Մարությանն ու նրա թիմը լավ չեն հասկանում հանրության հետ բաց, թափանցիկ ու օպերատիվ աշխատելու, հանրային կապը պատշաճ ապահովելու իրենց պարտավորությունը, որը շատ ավելին է, քան Ֆեյսբուքյան գրառումները մաքրված բակերի ու նրոգումների մասին։ Նույնը նկատում եմ Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչների բողոքից․ մարդիկ պահանջում են արձագանքել, լսել, պատասխանել։
«Իմ քայլ»-ի քաղաքական թիմի հաղորդակցության սխալների ու խնդիրների մասին շատ է խոսվել, էս դեպքում ուզում եմ մի քանի կետով գրել միայն քաղաքապետարանի մասին, որի համար նույն քաղաքական թիմը պատասխանատվություն է կրում։
Էն լեզուն ու բառապաշարը, որ քաղաքապետն ու իր պաշտոնյաներն օգտագործում են բնակիչների, քաղաքացիների մասին խոսելիս, որոնց իրենք պիտի ներկայացնեն ու որոնց առաջ պատասխանատու են, ուղղակի անհասկանալի է։ «Բնակիչները կապրիզ են անում», «չեն ուզում, թող սարերում ապրեն», «արևի լույսի համար են կռիվ տալիս», էս արտահայտություններն ասվել են հարցազրույցներում, ավագանու նիստերում։
Անդրանիկ Սեդոյանը լրագրողական նյութում հայտարարում է դեռ շինթույլտվություն չտված շենքի մասին․ «այն պիտի կառուցվի», Մարությանը նիստի ժամանակ ասում է․ «իմ պատուհանի տակ էլ են շենք կառուցում, բա քաղաքը զարգանում է, բա պիտի կառուցվի»։ Երկու տարվա մեջ չտեսանք հանրության հետ քննարկվեր, թե ոնց ենք պատկերացնում էս քաղաքի զարգացումը։
Զանգել ենք քաղաքապետարան, հարցնում ենք, թե ինչու է ուշանում 500 ստորագրությամբ նամակի պատասխանը, աշխատակիցը հեռախոսով հարցնում է․ - իսկ ո՞նց իմանանք, էդ 500 ստորագրությունը իրոք էդտեղի բնակիչներինն են, 500 սեփականության վկայական կցեք նամակին (կցված են ստորագրություններ, հասցեներ ու անձնագրի տվյալներ): Նույն քաղաքապետարանը հանրային քննարկում կոչվածի ժամանակ որպես տարածքի բնակիչ հեռախոսով գրանցել է 50-60 հոգու, առանց որևէ բան ստուգելու, ու արդյունքում դրանք եղել են ոչ ազդակիր շենքերի և Երևանի այլ թաղերի մարդիկ՝ սեփականատիրոջ հրավերով։
Երկու անգամ քաղաքապետարանին 500 ստորագրություններով երկար նամակ, տեղեկատվության հարցում ենք ուղարկել, մի քանի անգամ նամակներ են գնացել առանձին բնակիչների անունից․ պատասխանները մեծ մասամբ եկել են օրենքով նախատեսված ժամկետից ուշ, միշտ ստացել ենք տրաֆարետային տեքստեր, տեղեկատվության հարցման մասնակի պատասխան։ Երբեք որևէ մեկը չի զանգել բնակչին քաղաքապետարանից, փորձելով բացատրություն տալ, մտահոգությունը հասկանալ, քննարկել։
Գլխավոր ճարտարապետ Մեսչյանի հետ երկու հանդիպում է եղել ավագանու անդամների միջնորդությամբ․ հանդիպումից հետո չի եղել որևէ գրավոր ամփոփագիր, արձանագրություն, միայն բանավոր հավաստումներ, որոնք հիմա մոռացել են, գլխավոր ճարտարապետն էլ արդեն նախկին է։
Պահանջել ենք քաղաքապետի հետ հանդիպում, որևէ արձագանք չի եղել, քաղաքապետը ցանկություն չունի ընդունել բնակիչներին, կամ գալ վիճելի տարածք ու հասկանալ, թե խնդիրը որն է։ Բնակիչների հետ հանդիպման միջնորդությամբ Մարությանին են դիմել նաև 6 պատգամավորներ, ուշացումով ստացել են գրեթե նույն պատասխանը, ինչ բնակիչները։ Այսինքն նա նստած է յոթ սարից այն կողմ, յոթ դռան հետևում, ու հնարավոր չէ նրան տեսնել։ Մարությանի նախընտրական ծրագրի ամենակարևոր կետը ուղիղ ժողովրդավարությունն է։
Արձագանքել են, խնդիրը բարձրաձայնել են ավագանու մի քանի անդամներ, որոնց շնորհակալ ենք։ Սակայն ստացվում է, որ ավագանու հորդորներն էլ ոչինչ չեն փոխում։
Հանդիպելու, բնակիչներին լսելու պահանջներին քաղաքապետարանից հակադարձում են, թե եղել է հանրային քննարկում։ Բնակիչները պնդում են, որ դրա մասին տեղեկացել են վերջին պահին, չեն կարողացել պատշաճ մասնացել։ Մամուլի խոսնակը պնդում է, որ ըստ կարգի իրենք իրազեկել են․ կարգը ներառում է
«Երևանի պաշտոնական համացանցային կայքում և «Առավոտ» օրաթերթում հրապարակել Նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումների հրավերները, ինչպես նաև այն փակցնել Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում' բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում»։
Այսինքն, եթե Առավոտ օրաթերթում հայտարարություն են դրել, ու վարչական շենքերի վրա փակցրել են, ՎԵՐՋ։ Դա ա կարգը, բնակիչները պարտավոր էին իրազեկվել։ Քաղաքապետարանից էլ հեգնում են՝ թե հո չէին կարող դռնեդուռ գնալ ու տեղեկացնել։
Այն դեպքում, երբ մինչ այդ իրենք բնակիչներից նամակ են ստացել, որով խնդրել են իրենց տեղյակ պահել գործողությունների մասին․ ի պատասխան, նոյեմբերի 4-ին ուղարկել են, և նոյեմբերի 5-ին մեզ է հասել քաղաքապետարանի նամակը․ «Հայտնում ենք ձեզ, որ նոյեմբերի 4-ին կլինի հանրային քննարկում»։ Յա, իրոք՞։
Անգամ մի կողմ բուն շենքի կառուցման հարցը, հեգնական, արհամարհական վերաբերմունքը քաղաքացու նկատմամբ, հաղորդակցության էսպիսի մակարդակը բերելու է նրան, որ փողոցներ ու բակեր փակվեն Երևանի տարբեր թաղերում։
Satenik Mkrtchyan Sargis Khandanyan Anush Begloian Hakob Karapetyan Hayk Marutyan Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն/Freedom of Information Center Gayaneh Melkom Melkomian Լեւոն Զաքարյան Gayane Vardanyan Gayane Abrahamyan Sisak Gabrielyan Vigen Shirvanyan Seda Grigoryan Frunz Maran Harutyunyan Vahram Asatryan Isabella Sargsyan