Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր անբեկանելի ներդրումն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Վանաձորյան ապօրինաշինությունների մասին

Վանաձորի ճարտարապետական տեսքի աղճատման հարցում Վանաձորի համայնքապետն իր անբեկանելի ներդրումն ունի: Դա են վկայում քաղաքի այսօրվա տեսքն ու նաեւ վերջին երկու տարիների ընթացքում Լոռու մարզպետարանի կողմից Վանաձորի համայքապետին ուղղված բազմաթիվ գրություններն ու քննարկումներն այս թեմայով՝ հորդորով՝ կասեցնել ապօրինաշինությունները:

Կառուցողական ու գործընկերային հարաբերությունների դաշտը, սակայն, Վանաձորի համայնքապետի համար այդպես էլ մնաց անհասանելի: Ու դա, թերեւս, ինչ-որ տեղ հասկանալի է. ՀՀԿ-ական քաղաքապետը չի կարող աշխատել այլ՝ իր քաղաքական ուժին ոչ հարիր ոճով: Իսկ մլավոցներ ու հաչոցներ պարունակող շարմազանովական՝ տիպիկ հանրապետականի ոճով գրառումներն առաջարկում եմ ուղղել իր քաղաքական հայրերին:

Արդյունքում, այսօր Հայաստանի բոլոր համայնքները ապօրինաշինությունների օրինականացման վանաձորյան հանճարեղ մեխանիզմն ընդօրինակելու լիարժեք շանս ունեն. այստեղ սկզբնական փուլում ապօրինաշինությունների հիմքերը նախ չեն նկատվում համայնքապետարանի կողմից, ապա՝ որեւէ հանրային բողոք մարելու դեպքում, սահուն ու արագ տեմպերով հասցվում են ավարտին ու ներքին պայմանավորվածությունների արդյունքում համայնքապետարանը շատ արագ օրինականացնում է ապօրինի շինությունը:

Սա է ՀՀԿ-ական համայնքապետի գործելաոճը, ով համայնքի գործարարներին գործընկերային դաշտ բերելու ու համայնքային զարգացմանն ու բարեկարգմանն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված է միմիայն քաղաքը բաժին-բաժին անելու առուծախով, ինչն իր մեջ ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

2021թ.-ին կայանալիք ՏԻՄ ընտրություւններին ընդառաջ վերարտադրվելու բոլոր շանսերն սպառած համայնքապետը համայնքի խնդիրները լուծելու փոխարեն քաղաքը հատվածաբար բաշխելով ու Երեւաններում փրկօղակ փնտրելով, փորձում է հանդես գալ լավություն անող լավ տղայի կերպարում:

Ու եթե համայնքապետի մեսիջները օդում պտտվող լուրերի ու չար լեզուների խոսակցությունների մակարդակում է, ապա այս դեպքում ամեն ինչ հստակ է ու փաստարկված:

Վանաձորի Լազյան 45-ում՝ հենց միայն մեկ հասցեում տեղ գտած ապօրինաշինության հետ կապված գրությունները մարզպետարանում արդեն հատորյակի վերածվելու միտում ունի: Դեռեւս 2019-ի նոյեմբերից սկսված գրագրությունը՝ հորդորով՝ կանգնեցնել այդտեղ տեղի ունեցող ապօրինաշինությունները ու պահպանել համայնքի բնակիչների շահերը, այդպես էլ վերջնական արդյունքի չի հանգեցրել: 9-10 ամիս տեւած այս թղթաշրջանառությունը մինչ օրս էլ համայնքապետը շարունակում է ձգձգել, մշտապես տալով ոչինչ չասող պատասխաններ, իսկ հեռախոսային զրույցների ընթացքում ստել է` խոստումները շարունակաբար չպահպանելով:

Սա ընդամենը մեկ դեպքի օրինակով: Եվ այս ամենը հանգեցնում է մի իրավիճակի, երբ բանակցային ու գործընկերային բոլոր հնարավորությւնները սպառված են, իսկ խնդիրը օր առաջ լուծման կարիք ունի:

Եվ արդեն հանրային հարթակում հորդորում եմ Լազյան 45-ի 10 ամիս ձգած խնդիրը վերջապես փորձել լուծել 10-օրյա ժամկետում: Հատկապես, որ մենք բազմաթիվ ապօրինաշինությունների հետ կապված հարցեր ենք առաջ քաշելու առաջիկայում:

Անհասկանալի պայմանավորվածությունների ու քաղաքական առքուվաճառքների արդյունքում ընտրված հանրապետական համայնքապետը պետք է մինչ այժմ ընկալած լիներ, որ հանրության մեծամասնության աջակցությամբ իշխանության եկած լեգիտիմ քաղաքական ուժի՝ կառավարության ներկայացուցչի հետ խոսելիս նվազագույնը չի օգտագործելու իր նախկին քաղաքական հայրերի լեքսիկոնը:

Քանզի շատ հնարավոր է, որ համայնքապետը, նման անկարողունակ ու անպատասխանատու գործելաոճի արդյունքում հայտնվի այն նույն տեղում, որտեղ իր ՀՀԿ-ական նախկիններն են: Եվ չի բացառվում, որ դա տեղի ունենա շատ ավելի վաղ, քան թվում է:

Հ.Գ. Տարակարծությունների տեղիք չտալու համար ասեմ, որ ես, որպես Լոռու մարզպետ, ողջունում եմ մարզում արվող ցանկացած՝ մեծ թե փոքր ներդրում եւ պատրաստ եմ աջակցել բոլոր ներդողներին: Այդ փոխգործակցությունը, սակայն, պետք է լինի հանրային ու համայնքային շահի համատեքստում, որտեղ շահողը պետք է լինի մարզը, համայնքը, համայնքի բնակիչը»։