Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ եւ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ:
Հուլիսի 4-ի խորհուրդը վաղուց հատել է բուն ԱՄՆ սահմանները եւ դարձել անկախության համար մղվող հաղթական պայքարի խորհրդանիշ։ Հիմնադիր հայրերի կողմից սահմանված պետականաշինության գաղափարները վաղուց ի վեր օրինակ են դարձել ժողովրդավարության ուղին որդեգրած աշխարհի բազմաթիվ երկրների համար:
Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում:
Մենք երախտապարտ ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության եւ ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար: Բարձր ենք գնահատում նաեւ այս օրերին աշխարհը պատուհասած համաճարակի դեմ պայքարի համար Ձեր վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող օժանդակությունը:
Հայաստանը մեծապես արժեւորում է Միացյալ Նահանգների հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում:
Կարեւոր ենք համարում ուժերի ներածի չափով մեր շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Մենք այս տարի նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյա տարեդարձը: Պատմական այս նշանակալից փաստը, հիրավի, առանձնահատուկ զգացմունքային երանգ եւ բովանդակություն է հաղորդում մեր գործընկերությանը: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների հետ միասին այն ամուր հենք է ստեղծում մեր երկու երկրների բարեկամության հարատեւ զարգացման եւ առաջընթացի համար:
Թույլ տվեք մեկ անգամ եւս շնորհավորել Ձեզ ու Ամերիկայի բարեկամ ժողովրդին' մաղթելով խաղաղություն, բարօրություն եւ շուտափույթ հաղթանակ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում»։