ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Թյուր կարծիք կա, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է: առնվազն անմեղսունակություն է հղում կատարել այս հարաբերությունների խրթին լինելուն և դրանով արդարացնել այն սխալները, որ կատարվել են պարզապես սեփական կամքի բացակայության, սեփական արժանապատվության և սեփական պատկերացումների ու գաղափարների բացակայության հետևանքով:

Հայաստանը չի եղել անելանելի վիճակում, փակուղային վիճակում, Հայաստանը ունեցել է անելու քայլեր, Հայաստանը ունեցել է գործողությունների դաշտ, և հետևաբար` առնվազն այս պայմաններում պարզապես կա՛մ քաղաքական անմեղսունակություն, կա՛մ թուլակամություն և կա՛մ էլ անամոթություն է խնդիրները Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա բարդելը: Այդ դեպքում որևէ այլ բան չի մնում, քան պարզապես լուծարել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի միջև երբևէ չի լինելու երկարաժամկետ խորքային համաձայնություն, հետևաբար` Հայաստանի համար երբևէ չի լինելու, այսպես ասած, կայունություն:

 

Իրավիճակն առավել անհեթեթ է դառնում, երբ ասվում է, որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ որևէ պահանջ ներկայացնելուց առաջ պետք է իր հարաբերությունները ճշտի Ռուսաստանի հետ: Այսինքն` այստեղ ևս նույն ենթատեքստն է՝ մեզանից ոչինչ մի ուզեք, հարցրեք, ակնկալեք, քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել հավանությունը կամ քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել մեր հետ հարաբերությունների դոզայի ավելացման թույլտվությունը:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական թիվ մեկ հրամայականը հենց ինքնուրույնության, ինքնիշխանության կամային հատկանիշների դրսևորումը պետք է լիներ, ինչը ենթադրում էր ներքին և արտաքին քաղաքականությունների զուգահեռ մոդեռնիզացիա, նաև հասարակության պատկերացումների մոդեռնիզացիա այս հարցերում, որպեսզի զուգահեռաբար նաև տեղի ունենար այս հարցի համար կարևոր հասարակական պատվերի վերաիմաստավորում կամ ընդհանրապես նոր պատվերի ձևավորում: