Գործարար Հովիկ Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի, որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը, խնդրեցին դիմակը դնել, և մի քանի րոպե անց կինը, չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա, այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը, մեղմ ասած, հրապարակելու չէ... Կինը, ի վերջո, դիմակ դրեց և հայհոյախառն արտահայտություններով փորձեց հեռանալ, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ...

Հ. Գ. Մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները, որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում, արժանի չեն նման վերաբերմունքի:

Չէի անի այս հրապարակումը, եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:

Իսկ մենք ո՞նց ենք պատասխանում և վերնագրում ենք, որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերո՞վ:

Անկեղծ ասած, խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն, քաղաքացին ևս պետք Է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին»: