ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայկական բանակի սպա, մայոր, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան օրն է։ Ըստ գործի նյութերի՝ նրան 2012թ․ հունիսի 17-ին դաժանաբար ծեծի էր ենթարկել Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:
Դեպքը տեղի էր ունեցել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում, ուր Վահե Ավետյանը այցելել էր իր մի քանի ընկերների հետ խնջույք անելու նպատակով: Բժիշկներ էին նաև նրա ընկերները, որոնք նույնպես դաժան ծեծի էին ենթարկվել, բայց, բարեբախտաբար, ողջ են մնացել: Իսկ Վահեն ուղեղի ծանրագույն վնասվածքներ էր ստացել և հայտնվել կոմայի մեջ, որից նա այդպես էլ դուրս չեկավ:
Սա հերթական ողբերգությունն էր, որ ապրեց մեր հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքով: Վահե Ավետյանը հերթականն էր ծեծվածների, սպանվածների, ինքնասպանության հասցվածների, նվաստացվածների, խաբվածների, իրավազրկվածների մեջ: Իսկ այդ շարքին արդեն ոչ սկիզբ կար ու թվում էր` ոչ էլ վերջ:
Վերջ չէր լինի, եթե հասարակությունը չորոշեր, որ այդ ամենին պետք է վերջ դնել, քանի որ այլևս չկա որևէ հույս, որ ինչ-որ մեկի շնորհիվ հնարավոր է անել դա: Միևնույն ժամանակ, մենք բոլորս հասկանում ենք նաև, որ հասարակությունը շատ բազմաշերտ է և այստեղ ոչինչ միանշանակ չէ, առավել ևս, որ մենք գիտենք, թե ինչ բազմատեսակ միջոցներով է Հայաստանի հասարակությունը դեգրադացվել, ինչպես են հետևողականորեն տարբեր «էլիտաներ» ոչնչացրել հասարակության պատիվը, հասարակությանը թերարժեքության, պոտենցիալ զոհի բարդույթ ներշնչել:
Ութը տարի առաջ մենք ունեցանք այդ ամենի հերթական զոհը, մենք ունեցանք հերթական վիշտը, հերթական ողբերգությունը: Եվ այսօր չունենք էլ ասելու բառեր:
Վահե Ավետյանի հետ տեղի ունեցածը հասարակության պատվի հարցն էր, սա հասարակության գոյության հարցն էր, և այստեղ հասարակությունն է, որ պետք է հետամուտ լիներ մեղավորների պատասխանատվությանը: Խոսքը ամենևին և միայն իրավական պատասխանատվության մասին չէ, քանի որ կան նաև բարոյական պատասխանատուներ՝ նրանք, ովքեր այդ համակարգն էին ձևավորել, հաստատել, ամրացրել, ինստիտուցիոնալացրել, և վայելում էին ու ցինիկ կերպով հայտարարում, որ նման ողբերգությունների համար «բոլորս ենք պատասխանատու»:
Մյուս կողմից, այո, բոլորս ենք պատասխանատու նման ողբերգությունների համար, որովհետև թույլ էինք տվել, որպեսզի տականքը նվաճի երկիրը մոլախոտի նման, որպեսզի ստորությունն ու ցինիզմը ծածկի ամեն ինչ, մարսի ամեն ինչ:
2018թ․ թավշյա հեղափոխությունից ի վեր, այն ինչ տեղի է ունենում մեր ներքաղաքական կյանքում, հենց հասարակության պատվի հարցն է՝ կամ այս տեսակն է հիմնավորապես ոչնչացվում կամ Հայաստանը։
Ես առաջինը ոչնչացնողների առաջին ճակատային շարքում եմ։ Որոշեք ձեր շարքը»։