Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ողջ ահռելի Լոս Անջելեսում մնացել է մոտ 150 ինտենսիվ թերապիայի մահճակալ միայն: Նրանք, որոնք դրանց լրանալուց հետո կունենան կարիք, կմահանան:
Վարակվածների ամենաբարձր ցուցանիշ ունեցող հատվածներից մեկը Գլենդելն է: Օրեր առաջ հայկական մի ընտանիք այստեղ նախ փեսայի տանն էր հարյուր հոգանոց հարսանիք արել, հետո՝ հաջորդ օրը, տեղափոխվել հարսի տուն: Նույն Գլենդելում մարդկանց մի ստվար զանգված` խախտելով նահանգի հրահանգը, փողոց է դուրս գալիս առանց դիմակի:
Բնիկ գլենդելահայերի մի ստվար զանգված էլ պնդում է, որ սա քաղաքական խաղ է, որ սա սիրելի մեծ առաջնորդ Թրամփի դեմ դավադրություն է և որ նոր կորոնավիրուսն ավելի վտանգավոր չէ, քան գրիպը:
Ու երբ այդ մարդիկ կլրացնեն մահճակալային ողջ ֆոնդը, ամեն կերպ վարակից պաշտպանվել փորձող հայ և ոչ հայ քաղաքացիներին` հանկարծ վարակվելու պայմաններում մահճակալ չի մնա:
Նշեմ նաև, որ նախկին հայաստանցի, նախկին լիբանանցի, նախկին իրանցի բնիկ գլենդելահայերի մի ահռելի զանգված թրամփիստ է, հետևաբար նաև` ոչ միշտ, բայց շատ հաճախ` փաշինյանիստ:
Ու պատահական չէ, որ Թրամփի Ամերիկայում և Փաշինյանի Հայաստանում (նկատի ունեմ միայն նշված երկու երկրների ներսում գործող առանձին արժեհամակարգային «երկրներում») վարակի ու մտածողության նույն մոտեցումներն ու մակարդակն են իշխում»: