ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարգարժան լրագրողներն այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելու՞ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով "գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, ԲՀԿ-ն հայտարարել էր, որ հանդես է գալիս սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ, սակայն դրա համար ԲՀԿ-ի պատգամավորների թիվը բավարար չէ, անհրաժեշտ «Լուսավոր Հայաստանի» աջակցությունը:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ հարցով ՍԴ դիմելու լիազորություն պատգամավորները չունեն: Այսօր ողջ օրվա ընթացքում ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» փակ դռների հետեւում քննարկումներ են անցկացնում խնդրին լուծում գտնելու համար: