Ուիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564 թ. ապրիլի 23-ին, գավառական Ստրեդֆորդ քաղաքում։ Կրթությունն ստացել է տեղական դպրոցում։ Տասնութ տարեկան հասակում ամուսնացել է Անն Հաթավայի հետ և ունեցել է երեք զավակ։ Ենթադրում են, որ Ստրեդֆորդ քաղաքում վարել է ուսուցչի օգնականի պաշտոն։ Շեքսպիրը համալսարանական կրթություն չի ունեցել, բայց եղել է բազմակողմանի զարգացած գրող, հիմնավորապես տիրապետում էր հին և նոր լեզուներին, հիանալի գիտեր, հին հունական և հռոմեական գրականությունից բացի, իտալական, ֆրանսիական գրողներին, հայրենի գրականությունն ու պատմությունը։ Այդ բոլորը ձեռք է բերել ինքնակրթության միջոցով։
Մոտավորապես 1592 թ. Շեքսպիրը փոխադրվել է Լոնդոն, աշխատել թատրոնում որպես հուշարար և դրամատուրգ։ Թատրոնների պատվերով դրամատիկական գործեր է գրում և վերամշակում հին պիեսները։ Երբ 1599 թ. հիմնադրվում է «Գլոբուս» թատրոնը, Շեքսպիրը դառնում է նրա փայատերերից մեկը։ Բերբեջի թատրոնում է ընթանում նրա կյանքի ու գրական գործունեության լավագույն շրջանը։ 1612 թ. թողնում է Լոնդոնը, վերադառնում Ստրեդֆորդ, այստեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները։ Մահացել է նույն հայրենի քաղաքում, 1616 թ. ապրիլի 23-ին։