Սուրեն Սուրենյանցը գրել է․
«Վաղ թե ուշ գալու է պատասխանատվության ժամանակը
Դժվար է գտնել աշխարհի մեկ այլ երկիր, որտեղ կորոնավիրուսային ճգնաժամի օրերին պետական այրերը հանդես գան իրարամերժ հայտարարություններով, ընդ որում՝ նույն օրվա ընթացքում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, օրինակ, երեկ պնդել է, որ այսօր Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում աշխարհի ամենազարգացած երկրներից մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշներ ունի: Իհարկե, Փաշինյանի խոսքը վաղուց կորցրել է լրջությունը ու, ցավոք, հենց այսօր արձանագրվեց վարակից մահվան 23 դեպք՝ ցույց տալով, թե վարչապետի ասածները որքան հեռու են իրականությունից։
Սակայն ուշագրավ է, որ Փաշինյանի երեկվա լավատեսության ֆոնին որոշել էր «անկեղծանալ» առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներողություն է խնդրել Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբում թույլ տված հնարավոր սխալների համար: Ուղիղ հեռարձակումը վերնագրված է՝ «Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին...»:
Առաջին դեպքը չէ, որ Փաշինյանն ու Թորոսյանն՝ իրենց գնահատականներով, հակադրության մեջ են։ Սա ցավալի ցուցիչ է, ոը վկայում է իշխանության ներսում առկա հակասությունների մասին․ ցանկացած պատասխանատու՝ «լավատեսությամբ» կամ «անկեղծությամբ», փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը կամ առնվազն սեփական անձը ապահովագրել անցանկալի հարցերից, որոնք մոտ ապագայում անպայման հնչելու են։
Կորոնավիրուսի «մուտքը» Հայաստան անխուսափելի էր, սակայն միանգամայն ակնհայտ է նաև, որ մեր երկիրը կարող էր խուսափել համաճարակի նման մասշտաբից ու նաև՝ մարդկային կորուստներից։ Դա տեղի է ունեցել իշխանության ու կոնկրետ պաշտոնյաների անորակ կառավարման հետևանքով ու վաղ թե ուշ գալու է հավաքական ու անհատական պատասխանատվության ժամանակը»։