Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն, անդրադառնալով վարչապետի ֆեյսբուքյան էջում տարբեր մարդկանց հրապարակած լուսանկարներին, գրել է․
«Ցավալի է, որ մեր երկրում համավարակի դեմ պայքարի հիմնական մեթոդը դարձել է մարդկանց ծաղրելն ու պախարակելը: Ամեն ինչ արդեն դուրս է գալիս տրամաբանությունից և թույլատրելի սահմանից: Հասարակության վերաբերմունքն ու պահվածքը գալիս է իշխանությունների լուրջ և հաճախ անլուրջ մոտեցումից: Վերջին օրերին մարդիկ հիմնականում մտնում են վարչապետի անձնական էջ և զվարճանում այլ քաղաքացիների վրա: Սա անթույլատրելի է: Էլ չեմ խոսում «անեծքի» թիրախ տատիկների և պապիկների մասին:
Պրն. Փաշինյա´ն, անկեղծորեն խնդրում եմ, դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը: Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու: Մի´ իջեցրեք Ձեզ անլուրջ հարթություն, որտեղից շատ դժվար է լինելու դուրս գալ: Կրկին անգամ հասարակությանը մի բաժանեք «սևերի» ու «սպիտակների»:
Հ. Գ. Երիտասարդ աղջկա դեմքը ես փակ կտեղադրեմ: Հարգելի ընկերներ, խնդրում եմ, դադարե´ք ծաղրի ենթարկել այս աղջկան, նրա մարմինն ու հագուկապը: Որևէ մեկը, անկախ սեռից, պաշտոնից, դիրքից և վարքուբարքից դրա իրավունքը չունի»: