ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ՔԱԿ-ի՝ ԵՄ ԱԱԳ սև ցուցակում ընդգրկվելուն։ Նա մասնավորապես նշել է, որ սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ: Գրառումը՝ ստորև․

«Ցավոք, քաղավիացիայի տապալումը, ինչի մասին համառորեն լուրեր էին պտտվում և ինչի մասին մեկ ամիս առաջ բարձրաձայնել էի, հաստատվեց: Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնապես հայտարարեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով Հայաստանում գրանցված ավիանկերություններին կարգելվի թռչել Եվրոպական օդային տարածքով:

Սա աննկարագրելի ցավալի է, երկրի հեղինակության համար աղետալի ու անարժանապատիվ:
Այնուամենայնիվ, առողջ, մտածված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ժամանակի ընթացքում, կարելի է վիճակը շտկել և դուրս գալ ամոթալի երկրների սև ու անպատվաբեր ցուցակից:

Բայց ինչպե՞ս և ի՞նչ ուժերով դուրս գալ այս իրավիճակից, քաղաքական ի՞նչ թիմով:

Այն թիմո՞վ, որ տառապում է ամբարտավան մեծամտությամբ և ընդամենը մեկ ամիս առաջ անամոթաբար աջ ու ձախ հերքո՞ւմ էր փաստերը՝ շատ լավ իմանալով ավիացիայի ողբերգական կացության մասին, ցինիկ երեսպաշտությամբ մեղադրում էր քննադատողներին, անգամ դավաճանության մեջ մեղադրում:

Այս վարքագծով դուք վերաբերում եք ցանկացած հարցի...սա է ցավալին...այս ողբերգական տապալումը ձեր կառավարման մանրակերտն է...

Իսկ պարտություններն ու ձախողումները մեր իրականության բոլոր հատվածներում են: Գուցե անփորձ լինելը արդարացում ունի, բայց երեսպաշտ ստերով ու մանիպուլյատիվ վարքագծով երկիր չեն կառավարում: Դուք սպառել եք անցյայի ուրվականից հասարակությանը ահաբեկելու անհեռանկար վարքը: Դուք ներկայի, այս ցավալի ներկայի միակ պատասխանատուն եք: Դուք մսխելով՝ մսխում եք ժողովրդի անունից խոսելու իրավունքը:

Իսկ այս կոնկրետ ձախողումը կոնկրետ մեղավորներ ունի, ինչին պետք է գնահատական տալ ու պատասխանատվության ենթարկել»։