Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 
 

«2013-2018 թվականներին աշխատել եմ ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունում՝ առաջատար մասնագետից մինչեւ բաժնի պետ, այդ ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային առնչվող մի քանի առարկաներ եմ դասավանդել Արդարադատության ակադեմիայում։ Կարծում եմ՝ առնվազն տվյալ բնագավառի փորձս ինձ թույլ է տալիս Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ այսօրվա խորհրդատվական կարծիքի մասին վերլուծություններ անել։ Նախապես ասեմ, որ երկար է ստացվելու, բայց կփորձեմ հնարավորինս պարզ բացատրել։

-Նախ, ինչի՞ մասին է Կոնվենցիայի 7-րդ հոդվածը, որի մեկնաբանության համար ՍԴ-ն դիմել էր ՄԻԵԴ. եթե բացատրեմ պարզ մարդկային լեզվով, ապա այդ հոդվածն ասում է, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել. նաեւ չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որ կիրառելի է եղել հանցագործության կատարման պահին։

 

-Քոչարյանի փաստաբանական թիմը տանում է այն գիծը, որ 2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով այսօր մեղադրանք է առաջադրվել երկրորդ նախագահին, գոյություն չի ունեցել, հետեւաբար՝ չկա հոդված, չկա պատասխատավություն։ Առաջին հայացքից թվում է՝ պաշտպանական թիմի պնդումը հիմնավոր է, սակայն գնահատական տալու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ՀՀ քրեական օրենսգրքի 2008 թվականի կարգավորումները, քանզի կարծում եմ բացարձակ անընդունելի է օրենքի՝ միայն տառացի մեկնաբանությունը, որտեղ բաց է մնում դրա բովանդակությունը.

-Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 2008 թվականի խմբագրությամբ գոյություն է ունեցել միայն 300-րդ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ։

«Պետական իշխանությունը յուրացնելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

 

2009 թվականին ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են 300.1-րդ եւ 300.2-րդ հոդվածները՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

«Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

 
 

Անգամ իրավաբանությունից հեռու, բայց տրամաբանելու ունակություն ունեցող ցանկացած անձի հին ու նոր հոդվածները համեմատելու արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

! «Սահմանադրական կարգը տապալելը»՝ որպես հանցագործություն, նախատեսված է եղել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 2008 թվականի խմբագրությամբ, պարզապես 300-րդ հոդվածով. ավելին՝ այն նախատեսել է ազատազրկման նույն չափը՝ տասից տասնհինգ տարի,

! ՀՀ քրեական օրենսգրքի 2008 թվականի խմբագրությամբ 300-րդ հոդվածով տասից տասնհինգ տարի ազատազրկում է նախատեսվել նաեւ տարածքային ամբողջականությունը խախտելու համար,

! Հիմա ի՞նչ փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում 2009 թվականին։ Պարզապես նախկին 300-րդ հոդվածով նախատեսված երկու ինքնուրույն հանցագործություն առանձնացվել են երկու տարբեր՝ 300.1-րդ եւ 300.2-րդ հոդվածներում. ընդ որում՝ պահպանվել է նաեւ պատժաչափը. ԱՅՆ ՉԻ ԽՍՏԱՑՎԵԼ, պարզապես ավելի մանրամասն է շարադրվել, թե ինչ է նշանակում «սահմանադրական կարգը տապալելը» եւ «տարածքային ամբողջականությունը խախտելը»։

 

- Վերադառնանք հայտնի կարծիքին. ի՞նչ է ասել Եվրոպական դատարանը. այն ասել է, որ 7-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ մեկնաբանությունները չեն կարող լինել վերացական. դրանք պետք է բխեն գործի հանգամանքներից, պետք է դիտարկվի հանցակազմը, դրա բովանդակությունը։ Դատարանը նաեւ ասել է, որ 7-րդ հոդվածի առումով կարող է խնդրահարույց լինել այն դեպքը, երբ նոր օրենքն ավելի խիստ է, քան հինը։

-Մի քանի պարբերություն վերեւ արված վերլուծությամբ ցույց եմ տվել, որ այսօր Քոչարյանին վերագրվող հոդվածի հանցակազմը նախատեսված է եղել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 2008 թվականի խմբագրությամբ, պարզապես ուրիշ հոդվածում, ավելին՝ այն նախատեսել է ազատազրկման նույն չափը, ինչ 300.1-րդ հոդվածը, հետեւաբար՝ որեւէ խստացում չի եղել։

- Շատ ուշագրավ է նաեւ այն, որ ՍԴ-ն երրորդ հարցով ՄԻԵԴ-ին խնդրել էր մեկնաբանել, թե արդյո՞ք նոր՝ 300.1-րդ հոդվածը բավարար չափով որոշակի եւ կանխատեսելի է եղել Քոչարյանի համար, որին ի պատասխան Դատարանը նշել է, որ այն որոշակիության եւ կանխատեսելիության առումով ՉԻ ՀԱԿԱՍՈՒՄ Կոնվենցիայի 7-րդ հոդվածին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ այն, որ 2008 թվականի խմբագրությամբ 300-րդ հոդվածում պարզապես մի քանի բառով գրված էր «սահմանադրական կարգը տապալել», իսկ արդեն 2009 թվականին առանձնացված 300.1-րդ հոդվածում հանցագործության դիսպոզիցիան բացված է ու մանրամասն է գրված, թե ինչ է նշանակում «սահմանադրական կարգը տապալել», համապատասխանում է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին։

 

- Գերադասում եմ մանրամասն չանդրադառնալ առաջին եւ երկրորդ հարցերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը, քանի որ այն, իմ կարծիքով, ամոթալի է մեզ համար. Դատարանը համարյա բառացիորեն իր զարմանքն է հայտնել, թե ինչու են առհասարակ տրվել այդ հարցերը եւ ինչ կապ դրանք ունեն քննարկվող ընթացակարգերի հետ։

ՁԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՄ ՏՐԱՄԱԲԱՆՎԱԾ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, ԱՌԱՆՑ ՀՈՒԶԱԿԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ։

Իսկ նրան, թե ինչպես են ՄԻԵԴ-ի կարծիքը մեկնաբանում Քոչարյանի պաշտպանները, պետք է ըմբռնումով ու թեթեւ ժպիտով վերաբերվել. դա էլ իրենց գործն է, իրենք վարձատրվում են դրա համար»։