Ես հրապարակային բանավեճի ուղերձ էի հղել ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանին: Նրանից որևէ պատասխան, որևէ արձագանք չստացա: Իսկ բանավիճելու շատ բան կա, ես ցանկանում էի տեղեկանալ, թե այն հայտարարությունները, որոնք ինքն անում է, լու՞րջ են, թե՞ ինքը կատակում է հանրության հետ… Վերջապես ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնեց նրա ազգականներից և նախընտրական քարոզչության մասնակիցներից՝ քսանամյա մի երիտասարդ՝ Հայկ անունով: Հարգելով երիտասարդի անձը, նրա պատրաստակամությունը տալ մեկնաբանություն Վարդան Սեդրակյանի կողմից դրսևորվող վերաբերմունքի, ես գնացի հանդիպման: Գիտակ, որոշակի կրթվածություն ունեցող մի երիտասարդի հետ հանդիպեցի, ով, բնականաբար, ուղնուծուծով տարված է իր ազգականով, նրա մտքերն ու դատողությունները համարում է անառարկելի և ազգափրկիչ: Դա ես վերագրում եմ երիտասարդական խանդավառությանն ու նվիրվածությանը… Զրույցի ժամանակ պարզվեց, որ Վարդան Սեդրակյանը արդեն ինքն իրեն աստված է հռչակել՝ անմերձենալի և անհաս, շարքային մահկանացուներն իրավունք չունեն շփվելու նրա հետ, ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Այսինքն, ինքն անհաս ու վես է, իսկ մյուսներս այն մժեղներն ենք, որոնք իրեն տեսանելի չեն… Արհամարհանքը հայաստանյան ընտրողի հանդեպ, արդեն իսկ ի հայտ եկող ֆյուրերիզմը մեկ անգամ ևս ամրապնդեցին ինձ մոտ այն կարծիքը, որ գործ ունենք ոչ առողջ մարդու հետ, սեփական անձը բոլորից բարձր դասող մեկի հետ, ով, ինչպես համոզված եմ, չի կամենում բանավիճել կամ հանդիպել միայն ու միայն այն պատճառով, որ կարող են ի հայտ գալ նրա հռչակած թեզերի ու մտքերի պակասավորությունները… Մտահոգությունս, ուրեմն, այս է. այսօր շատ հայաստանցիներ կարող են հալած յուղի տեղ ընդունել այդ մարդու հայտարարությունները Նախիջևանը և Ջավախքը հետ ստանալու, Ադրբեջանի դեմ պատերազմ հայտարարելու և նմանատիպ այլ ,,հրաշապատում,, քայլերի մասին՝ կորցնելով իրատեսությունը: Մտահոգությունս նաև այն է, որ գիտության մեջ ոչինչ չարած, մտավորականի կեցվածքից հեռու կամ երբեք էլ մոտ չեղած այս մարդն արդեն վիրավորում է ազգային մտավորականությանը, իրեն բարձր դասում բոլորից… Ուրեմն, իսկապես հիվանդ մարդ է մտել ընտրարշավ… Բժիշկները պիտի զբաղվեն նրանով…