Փաշինյանն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանն իր ելույթի ժամանակ նշել է, որ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային' դե յուրե ճանաչմանը:
«Եվ ուրեմն իմ կոչն ու աղերսն է՝ եկեք մեր ազգային էներգիան և ուժը որևէ կերպ, որևէ հարթակում, որևէ պատճառով չօգտագործենք ինքներս մեզ այս նպատակից շեղելու, այս ճանապարհին հոգնեցնելու, ուժասպառ անելու, հուսահատ դարձնելու համար»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետի այս ասածներից հետո տրամաբանական հարցեր են առաջանում...
Եթե թավշյա հեղափոխությունից հետո առ այսօր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ստվերվում է, և հայտարարվում է, որ Արցախն առանձին սուբյեկտ չէ, այլ Հայաստան է, և վերջ, ապա ինչպե՞ս է այդ հեղափոխությունը բերելու Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման։
Կամ ինչպե՞ս է վարչապետը կոչ անում նպատակից չշեղվել, երբ ինքն անձամբ իր էներգիան ու ուժն այդ նպատակին չծառայեցնելով վաղուց է այդ ուղուց, այդ ճանապարհից շեղվել։
Ցավալին այն է, որ այսքան ժամանակ մեր վարչապետը չհասկացավ Արցախի հարցում հաջողություն գրանցելու համար քայլերի հաջորդականության ճիշտ դասավորվածությունը։