Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջում գրել է
ԷՍՊԻՍԻ ԲԱՆ
1920թ. մայիս-հուլիս ամիսներին ռուս-ադրբեջանական զինուժը ներխուժեց Արցախ, Սյունիք ու Նախիջեւան՝ նպատակ ունենալով ցամաքային հաղորդակցություն հաստատել Մոսկվայի դաշնակից քեմալական կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ: Սյունիքի առանձին շրջաններում ռուս-ադրբեջանական զավթիչների դեմ անհավասար, բայց անզիջում ու համառ պայքար ծավալվեց, որը 1920թ. աշնանը վերաճեց համազանգեզուրյան հուժկու ապստամբության:
***
Ստորեւ Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի դրածո` Ղարաբաղի հեղկոմի նախագահ Ասադ Կարաեւի 1920թ. հուլիսի 21-ի նամակը բոլշեւիկյան կուսակցության Գորիսի գավառային հեղկոմի մուսուլման անդամներին:
ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
Ընկերներ,
Եկողները պատմում են, որ միչեւ այժմ զինաթափված չէ Զանգեզուրի հայկական գյուղերի 90%-ը: Դա ցավալի է: Բայց առավել ցավալին այն է, որ մինչ օրս գլխատված չէ Զանգեզուրի հայությունը:
Նրա մտավորականությունը եւ ռազմական պարագլուխները գտնվում են գյուղերում: Վաղը նրանք կդառնան ապստամբության ղեկավարներ եւ մեր ուժերը դուրս կքշեն Զանգեզուրից: Նորից ու նորից կրկնում եմ՝ ժամանակը չի սպասում:
Գործեցե՛ք, որպեսզի բոլոր նշանավոր ու պետքական հայերը կալանավորված լինեն: Մեծ բան չեն աքսորն ու կողոպուտը: Թողեք մարդասիրությունը: Դրանով անհնար է պետություն ստեղծել, երկրներ նվաճել, ապրել խաղաղության մեջ: Աշխատեք վերընտրել հեղկոմը եւ այդ ընթացքում ընտրել միայն մուսուլմանների եւ մեզ հայտնի ռուսներին:
Այս օրերին Գորիս կգա Արմենակ Ղարագյոզյանը: Նա ուշանում է փողի պատճառով: Մինչեւ 22 միլիոն ռուբլին չստանա` չի ուղեւորվի:
Հարստանալու լավ ժամանակ է, ինչու՞ չօգտվի: Նա խոստանում է յոթ օրվա ընթացքում Զանգեզուրը միացնել Ադրբեջանին:
Եթե ուժ չունեք, ապա կա փող: Ինչու՞ եք ուշացնում այդ ապստամբած շրջանի միացումը Ադրբեջանին` արդարանալով ինչ-որ Աժդա (Նժդեհ) փաշայի գոյությամբ: Օգտագործեք օրհնված միջոցները: Այն որ հային երեք միլիոն ռուբլի տաք, որ ձեզ չբերի այդ մարդու գլուխը: Եթե փողի կարիք ունենաք՝ հեռագրեք, ուղարկենք:
Զինվորականներով շատ ու հայտնի տեղերում, հայերին թուլացնելու նպատակով, մի ռուս զինվոր սպանեք եւ դրանում մեղադրեք հայերին: Գիտեք, թե ինչ կանեն ռուսները…
Զանգեզուրում մի թողեք ոչ որեւէ կարգին մարդու, ոչ էլ հարստություն, որպեսզի այդ անիծված ազգն այլեւս չկարողանա ոտքի կանգնել: Ռուսաստանում այդպես են վարվել, այդպես պիտի անեք նաեւ դուք:
Ասադ Կարաեւ,
Շուշի, 21 հուլիսի, 1920թ.
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: