ժողվարչապետի խմբակն ու քարոզչական բրիգադը հիմա խայտառակ իրավիճակում են հայտնվել: Միքայել Մինասյանի կողմից բարձրաձայնված շանտաժով փող շորթելու թեմայից մինչև Փաշինյանների ծխախոտի ու ադամանդների մաքսանենգության սխեմաների բացահայտում ոչնչացրել է թղթյա տնակի հիմքերը, որի վրա Նիկոլ Փաշինյանն իշխանություն էր կառուցել: Նրանց համար սա զուտ քաղաքական պարտություն չէ, սա ուղղակի մարդկային կերպարի ոչնչացում է: Որովհետև այլևս փաստ է. չի աշխատում նույնիսկ քարոզչական այն թեզը, թե սրանք ճիշտ է' կառավարչական տեսանկյունից անպիտան են ու անտաղանդ են, բայց գոնե թալանչի չեն, գոնե ազնիվ են: Հիմա ակնհայտ է' սրանք երկուսը մեկում են: Ավելին' Երրորդ Հանրապետության պատմության մեջ որևէ իշխանություն այսչափ անպիտան ու անտաղանդ չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ կոռումպացված ու այսչափ գաճաճ ջեբկիր չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ բացասական ցուցանիշներ չի ապահովել, որքան սրանք: Անպիտանության և կոռումպացվածության հարցերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ չեմպիոն է:
Կանխատեսեմ, թե ինչ են ասելու ժողովրդին անպիտան կոռուպցիոներներն ու նրանց քարոզիչները: Ասելու են' «ՀՀ հըըըպաաարտ քաղաքացի, նախկին թալանչիները փորձում են մեզ սևացնել ու անվանարկել»: Սա են ասելու' բնականաբար շեշտը դնելով «նախկին թալանչի» բառակապակցության վրա: Այլ բան չեն ասելու, որովեհև փաստերը կան և այդ փաստերն աղաղակող են: Ու իրենց թվալու է, թե ժողովուրդը միայն Բաբկենենց հարևան պողոսներն են, որոնց կարելի է անվերջ ֆռռացնել ու անիմաստ տեսարաններով և անիմաստ տեքստերով կերակրել: Պատկերացնու՞մ եք' ոչնչի մասին կառավարությունը' ժողվարչապետով հանդերձ, կարծում է, թե հինգհազարամյա ազգին կարելի է անվերջ խաբել: Միայն քաղաքական ու բարոյական ինքնասպանները կարող են կարծել, որ մարդիկ ուղեղ չունեն և չեն ասելու' ձեր թալանի փաստերը կան, բայց դուք, երկու տարի լինելով իշխանություն, խոսում եք նախկինների թալանից: Հարգելիներս, որտե՞ղ են փաստերը, երկու տարի է արդեն, ինչ դուք ունեք այնքան իշխանություն, որքան չի ունեցել որևէ մեկը Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում, ինչու՞ եք միայն խոսում, ինչու՞ եք միայն հոխորտում ու սպառնում, հրապարակեք թալանի փաստերը:
Այո, փուչիկները պայթելու սովորություն ունեն: Պայթեց նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը: Այս իշխանությունն այլևս չկա, կա այս իշխանության խրտվիլակը, որին պատմության գիրկն ուղարկելու հարցն արդեն իսկ վճռված է, մնացածը' ժամանակի, ավելի կոնկրետ' ամիսների հարց է: