«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյան և Ռուստամ Բադասյան, բոլոր այն անձինք, ովքեր երբևէ անբացատրելիորեն հարստացել են կամ ակնհայտ ապօրինի դատավճիռներ են կայացրել, չեն կարող լինել դատավոր:
Նույնիսկ, եթե դրա պատճառով դատական համակարգը դառնա գերծանրաբեռնված, միևնույնն է, Հայաստանի Հանրապետության անունից արդարադատություն չեն կարող իրականացնել կոռուպցիոներները, չեն կարող իրականացնել մարդիկ, ովքեր թեկուզ «քավորի» անունով գրանցված, բայց իրենց կողմից փաստացի օգտագործվող ու իրենց օրինական եկամուտներից սարեր-ձորեր հեռու գույք ունեն, կամ, օրինակ, մեկ ոստիկանի ցուցմունքով ընդդիմադիր են ազատազրկման դատապարտել:
Ինչ ուզում է լինի՝ չեն կարող այդ մարդիկ դատավոր լինել: Չեն կարող այդ մարդիկ իմ, ձեր և մյուս քաղաքացիների անունից արդարադատություն իրականացնել: Պարզապես չեն կարող:
Ուզում եք անունը դնենք վեթինգ, ուզում եք՝ համատարած վեթինգ կամ գարշոկ: Այդ անձինք պետք է օր առաջ հեռացվեն Հայաստանի Հանրապետության անունից արդարադատություն իրականացնելուց»: