Nanor-mommyblog-ը գրում է․
«Երեխայի ծնվելուց հաջորդող օրերին ու ամիսներին, մայրիկին ամենաշատ տրվող «խորհուրդ»ներից մեկն է լինում՝ «Չգրկես, կսովորի»։ Լսել եմ նաև քննադատական կերպով, մի կնոջից որին կյանքումս երկրորդ անգամն էի տեսնում՝ «Գրկելովդ շատ մեծ սխալ ես անում»: Պատասխանս՝ «Կներեք, բայց շատ ճիշդ եմ անում»: Արդյո՞ք կարելի է մտածել թե այն երեխան որ ուզում է գրկեն իրեն, այս ամբողջը մտադրաբար է անում: Ամսականներ տարիք ունեցող երեխան, ինչպե՞ս կարող է ծրագրի այս ամբողջը: Հակառակը՝ այն անում է, ինչը բնազդով է զգում՝ պահանջ սիրո և գուրգուրանքի։ Ինը ամիս մամայի ջերմությունն զգալուց հետո, միանգամից ինչպե՞ս կարելի է լքել իրեն:
Պիտի սովորի՞, այո, բայց ի՞նչ: Թող որ սովորի սեր ստանալ որ հետագայում սեր տա: Թող որ իմանա, որ ինքը եկել է մի միջավայր, որին ընդունում են ու հարգում, որտեղ իր ասածը՝ այս դեպքում լացը կարևոր է և լսելի, որտեղ իր ընտանիքը իր կողքին են և պահանջներն են գոհացնում:
Իսկ ով մտածում էր թե ամբողջ կյանքս իրեն գրկելով եմ անցկացնելու, ասեմ՝ որ ես գիտակցելով եմ մայրացել, ու գիտակցում եմ որ առաջին ամիսներին, անում էի ինչ պետք է անեմ, ու ինչ ես ու երեխաս բնազդաբար էինք զգում: Հիմա՝ 9 ամիս հետո, նա արդեն սողում է, նա արդեն ինքնուրույն է, նա արդեն ամեն րոպե գիրկ չի պահանջում: Բայց երբ ուզում է, ես կրկին մեծ հաճույով գրկում եմ իմ փոքրիկին»: