«Երկրորդ համաշխարհային պատերազմի հարգելի՛ վետերաններ, Արցախյան ազատամարտի հերոսնե՛ր, սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9-ի՝ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անձնազոհության, աննահանջ խիզախության եւ սխրանքների շնորհիվ ձեռք բերված հաղթանակները ոչ միայն դպրոցական դասագրքերից, այլեւ վերապրողների ու հերոսացածների, ականատեսների եւ կրողների պատմություններով են կերտում վաղվա քաջարի զինվորին, այսօրվա իրավատեր քաղաքացուն եւ հաղթանակներին տեր կանգնող սերնդին։
Պատերազմում հաղթանակ տարած մեր պապերի հաղթական ոգին էր, որ կրկնապատկված հզորությամբ հայկական եռագույնը ծածանեց Արցախի Հանրապետությունում՝ եւս մեկ անգամ հաստատելով պայքարի, ազատության ու հաղթանակի իր իրավունքը։
Մեկ անգամ եւս շնորհավորելով Եռատոնի առիթով՝ մաղթում եմ, որ անկոտրում կամքով մեր քաջ հայորդիների նվաճած հաղթանակներն ու անպարտելի ոգին սերունդներին մղեն միմիայն խաղաղ պայմաններում հաղթանակելու կրթության, գիտության, արվեստի, սպորտի ոլորտներում։
Փառք ու պատիվ 75 տարի առաջ մարտնչած մեր պապերին, փառք ու պատիվ Շուշիի ազատագրման փառահեղ հաղթանակը կերտած մեր հայրենակիցներին»։