Այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստին, տեղի ունեցավ ծեծկռտուք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Վեճը բուռն քննարկման առիթ դարձավ նաև այն պատճառով, որ վերջին շրջանում իշխող կուսակցության ներկայացուցիչների մասնակցությամբ տարատեսակ միջադեպեր են գրանցվում: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու են տեղի ունենում նման միջադեպերը, որքանով է հավանական դրանց շարունակական լինելը և ինչու են հաճախակի տեղի տալիս իշխող կուսակցության ներկայացուցիչների նյարդերը:
«Նման միջադեպի պատճառն այն է, որ ընդդիմությունն ու իշխող կուսակցության ներկայացուցիչները տարբեր մոտեցումներ և գնահատականներ ունեն երկրում տիրող քաղաքական զարգացումների հանդեպ: Չեմ կարող հստակ ասել, թե որքանով են լուրջ այդ տարաձայնությունները, բայց ակնհայտ է, որ իշխանությունը քննադատություներին սկսել է շատ ագրեսիվ արձագանքել և, ըստ էության, իշխանության ներկայացուցիչների նյարդերը տեղի են տալիս»,-ասաց նա:
Քաղաքագետը կարծում է, որ այս ամենի մեջ լուրջ գործընթաց չկա և քաղաքական ուժերը փորձում են դրսևորվել ավելի սկզբունքային կամ ազդեցիկ:
«Ըստ էության, այսօր իրար ծեծելու առիթ չկար, դատարկ տեղը վեճ ծագեց և վերածվեց ծեծկռտուքի: Այս պարագայում՝ քաղաքական պրոցեսները երկրորդ պլանում են, քանի որ առաջնայինը՝ նրանց անձնական հատկանիշներով պայմանավորված պրոցեսներ էին, որոնք այսպիսի ավարտի հանգեցրին»,-ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:
Նա չի բացառում, որ նման իրավիճակները շարունակական կլինեն, քանի որ կարծում է՝ խորհրդարանն այսօր քաղաքական կառույց չէ. «Ցավոք, այնտեղ քաղաքական բանավեճեր, քննարկումներ չեն լինում: Կան հեղափոխական էուֆորիայի տրամադրություններ, վեճ՝ թե ով է ավելի հեղափոխական, իսկ ով՝ պակաս: Եվ, եթե այդ կառույցն այսօր քաղաքական չէ, ուրեմն սպասելի է ամեն ինչ, բացի քաղաքականության մշակումից և քաղաքականության զարգացումից: Այն ինչ տեղի է ունենում ԱԺ-ում, դրա ապացույցն է»:
Դիտարկմանը, թե նման իրավիճակներից հետո, վարչապետը և իշխող կուսակցությունը չեն կորցնում վստահությունը ժողովրդի շրջանում, նա պատասխանեց. «Իհարկե կորցնում են, և ոչ միայն այդ իրավիճակների պատճառով: Վստահությունը կորցնելու հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ամեն օր հնչեցրած ստերն են, անպատասխանատու գնահատականներն են, ապիկար կառավարման համակարգը, որը ստեղծել են: Փաշինյանը ստել է հայ ժողովրդին, եկել է իշխանության և զբաղվում է պետական ռեկետով, իր և իր թիմակիցների բարորության ավելացմամբ»: