Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ վարչապետն, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, նշեց, որ «ՀՀ ոչ մի ղեկավար այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել, ինչքան ինքը, ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, ինչքան ինքն է եղել»:

Հարցը կայանում է նրանում, թե ի՞նչ դիրքորոշման մասին է խոսում վարչապետը՝

1. Ինքը չունի Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ, հետևաբար՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղա՞ն,

2. Հայաստանը Արցախ է, և վե՞րջ,

3. Ղարաբաղի հարցը պետք է որոշի հայ ժողովո՞ւրդը,

թե՞

4. Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։

Այդքան հաճախ Ղարաբաղի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնած «առաջին» վարչապետը (ինչպես ինքն է ասում) երկու տարվա ընթացքում իրականում այդպես էլ կոնկրետ դիրքորոշում չի հայտնել: Մինչ օրս դեռևս անհասկանալի է մնում՝ ո՞րն է Հայաստանի վարչապետի՝ Արցախի հակամարտության հարցում ունեցած տեսլականն ու հայեցակարգը… Եվ, ընդհանրապես, կա՞ն արդյոք այդպիսիք: