«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարելի է՞ մի հարց էլ ես տամ
Ես ու ահագին մարդ անհամբեր սպասում ենք վարչապետի բացատրություններին, թե ինչ է կատարվում Քյարամյանի կենսագրության հետ: Քյարամյանը մի կողմ, երկրի կենսագրության հե՞տ ինչ է կատարվում: Բայց գոնե Քյարամյանի մասին իմանանք ...
Ստիպո՞ւմ են նման նշանակումներ անել, չի՞ կարող դիմադրել, ինչու չի ասում, թե ինչ-որ միջոցներով իրեն ստիպում են, կամ, եթե չեն ստիպում, ինչպե՞ս է հանգել այն մտքին, որ հարկավոր է կես ժամով պաշտոնի դնել իր ունեցվածքի մասին մեկնաբանություն չտվող մեկին, հետո հանել, ուրիշ տեղ դնել:
Էն պատմությունները, թե օրենքով պիտի ինչ-որ բարձր պաշտոն զբաղեցներ, որ կարողանար էդ պաշտոնին անցներ, լուրջ չեն, եթե այդպիսի պայծառ թեկնածու էր, կարող էին վերջապես այդ առիթով օրենսդրությունը արմատապես վերանայել, ոչ թե սերժիկների մշակած համակարգում սկսեին շպագատ բացած եռակի սալտո ֆռռալ: Իսկ ավելի վաղ պիտի այդ իրավական համակարգերը օրենքով, պրակտիկայով և կադրային քաղաքականությամբ բարեփոխեին, ոչ թե կետային լուծումներ որոնեին, այն էլ այսպիսի անհաջող նշանակումներով և ընթացակարգերով:
Երկու վարկած է խելամիտ թվում. կամ ստիպում են վարչապետին նման բաներ անել ինչ-ինչ գործիքներով, ինչին հեչ հավատս չի գալիս, կամ համակարգային լուծումների չիմացությունն է: Կառավարման համակարգային կարողությունների պակասը, մի քանի անգամ ասել եմ կարծիքս, սարսափելի չէ, դա պատմականորեն ձևավորված խնդիր է, որ հատուկ է երբևէ իշխանություն չեղած ուժերին՝ որ երկրում էլ լինեն, դա շտկվող բան է, եթե կամք կա, եթե չկա, ու դառնում է արդարացում, դա աղետի նախանշան է: Մնացած վարկածները, այդ թվում դավադրությունն ու կոռուպցիան անհավանական եմ համարում:
Ես և շատերը 2 տարի առաջ, թեպետ քննադատել ենք Վանեցյանի, Օսիպյանի, Պողոսյանի նշանակումները, համարել ենք, որ այդ խառը միջոցին բարդ էր կողմնորոշվելը, օրենսդրության և այլ պատճառներ են եղել: Այդ քննադատությունից հետո մեզ վրա կոիկորդիլոսներ են հաչել են մոտավորապես այս տոնայնությամբ. «պաշտոն չստացաք ...», «թողեք թող աշխատի, ինչ եք խեղդում...», «բա ուր էիք հեղափոխության օրերին, մկան ծակին հազար թուման էիք տալիս ...» և այլն: Ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել քննադատել ու զգուշացրել ենք սխալ նշանակումների մասին, որ սխալ կադրային քաղաքականություն է կոչվում: Ամոթ չէ նման սխալներ անելը, ամոթ է չընդունել սխալները, կամակորություն անելն ու շարունակել փոցխերը աջուձախ բրախած պահելը:
Ես հիշում եմ, որ խոստացավ, որ մեր թիկունքում ոչինչ չի որոշվելու: երկու տարում բազմաթիվ պաշտոնյաներ են նշանակվել ու հեռացվել, շատերի մասին ոչ մի հանրային բացատրություն չի տրվել, քաղաքացիները չեն իմացել ու չեն հասկացել՝ ինչու, սկսել են գուշակություններ անել, բամբասանք է տարածվել, չէր կարելի ավելի բաց կառավարել: Կադրային քաղաքականության խոր մանրամասների կարիքը չունեմ, բայց մասնակցային և ժողովրդավար կառավարման տեսանկյունից նվազագույն, բավարար և անհրաժեշտ բացատությունների կարիքն ունեմ, դրանից շատ բան է կախված, դրանից հենց այս իշխանության վարկն ու հեղինակությունն է կախված, թե չէ ոնց գաղտնալսել են, այնպես էլ գաղտնալսելու են, Քյարամյանը կլնի, Վանեցյանը, թե Մուղդուսին, քանի դեռ լյուստրացիա չի եղել»: