«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Բելառուսի ղեկավար Ա. Լուկաշենկոն որոշել է մայիսի 9-ին Մինսկում անցկացնել Հաղթանակի 75-ամյակին նվիրված փառահեղ զորահանդես։ Քանի որ Երևանում, ցավոք սրտի, զորահանդես չի նախատեսվում, առաջարկում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննարկել անձամբ Մինսկ մեկնելու և այնտեղ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակը Բելառուսի ղեկավարության հետ համատեղ նշելու գաղափարը, նամանավանդ, որ այդ երկրի ազատագրության համար իրենց կյանքն են զոհաբերել տասնյակ հազարավոր հայ քաջորդիներ և այնտեղ են գտնվում նրանց շիրիմները։
Սակայն որքան ավելի ճիշտ կլիներ, եթե մեր ղեկավարությունը ևս նույնպիսի պատմական զորահանդես անցկացներ Երևանում՝ «համավարակի» վախից կուչ եկած ողջ աշխարհին հիշեցնելով հայոց հաղթական մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին և մեր անսասանությունն ի դեմս բոլոր տեսակի արհավիրքների։ Զորահանդեսը Երևանում տեղին կլիներ թեկուզ միայն ի հիշատակ այն փաստի, որ 89-րդ հայկական հրաձգային երիցս շքանշանակիր դիվիզիան միակն էր Կարմիր բանակի ազգային կազմավորումներից, որ մասնակցեց Բեռլինի գրոհին և ջախջախեց Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Հումբոլդտ-Հայնե թաղամասում գտնվող ամրացած ուժեղ կայազորը։
Իհարկե, երևանյան զորահանդեսն արդարացված կլիներ ի հիշատակ պատերազմին իրենց մասնակցությունը բերած շուրջ 600,000 հայորդիների, որոնցից 300,000 նահատակվեցին ու հավերժ հերոսացան։
Իսկ Մինսկում մայիսի 9-ին անցկացվելիք զորահանդեսն ընդմիշտ կմնա մարդկանց հիշողության մեջ՝ գրեթե այնպես, ինչպես մնացել է 1941 թ. Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված փառահեղ զորահանդեսը։ Ու նաև այդ պատճառով Մինսկում Հայաստանի ղեկավարության ներկայությունը մեծապես ցանկալի կլիներ»։