ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մայիսի 1-ն է՝ աշխատանքի ու աշխատավորների միջազգային օրը, որը ի թիվս աշխարհի 142 երկրների, նշվում է նաև Հայաստանում: Աշխատող ու աշխատավոր մարդը ցանկացած առողջ ու զարգացող հասարակության հիմքն է: Անհատական աշխատանքի միջոցով է ապահովում անձնական բարեկեցություն ու երջանկություն, որը դառնում է նաև հանրային բարիքի ստեղծման ու հասարակական զարգացման կաևորագույն խթան ու գրավական:
Հայ ժողովուրդը՝ հավաքականորեն, հայ մարդը՝ անհատապես պատմականորեն առանձանցել է աշխատանքի նկատմամբ իր բացառիկ վերաբերմունքով ու աշխատասիրությամբ: Աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ անվերապահ հարգանքը հասարակական բարոյականության կարևորագույն ցուցանիշներից է, որը բարեբախտաբար, մեր հասարակությունում մշտապես գտնվել է բարձր մակարդակի վրա:
Ցավոք, այսօր տոն է մեր հասարակության ոչ բոլոր անդամների համար, քանի որ Հայաստանում պաշտոնական տվյալներով գրանցված է գործազրկության 18 տոկոսանոց ցուցանիշ, փորձագիտական գնահատականներով այն իրականում ավելի բարձր է: Հետևաբար մեր բոլորի՝ քաղաքական գործիչներիս, գործարարների, գիտնականների ու մտավորականների, երկրի քաղաքական ու տնտեսական վերնախավի ամենօրյա ջանքն ու նպատակադրումը պետք է ուղղվի գործազուրկ մեր բոլոր քաղաքացիներին արժանապատիվ աշխատանքով ապահովելուն, որը հիմք կդառնա նաև հանրային բարեկեցության ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար:
Աշխատանքի ու գործազրկության խնդիրը շատ ավելի սուր է արտահայտված մեր օրերում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, որի պատճառով, ցավոք միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորցրել են իրենց աշխատանքն ու եկամտի աղբյուրը: Սա էլ ավելի կարևոր է դարձնում եղած աշխատատեղերը պահպանելու, նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված մեր անհատական ու հավաքական ջանքերի անհրաժեշտությունը: Վստահաբար, մենք հաղթահարելու ենք նաև այս ճգնաժամը, հաղթահարելու ենք կրկին անհատական ու միասնական աշխատանքի շնորհիվ:
Հարգանք ու խոնարհում բոլոր աշխատող ու աշխատավոր մարդկանց: Շնորհավոր Աշխատանքի տոնը»: