Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տգե՞տ է, թե՞ անպատասխանատու, որ մեկ համաճարակի վտանգի պահին հանրահավաքներ է անում, «հանրաքվեի քարոզարշավի տակ որոշակի կորոնավիրուսներ ապահովում», մեկ էլ երկրով մեկ համաճարակի տարածման ժամանակ, երբ ամեն օր մի կամ երկու հոգի հիվանդությունից մահանում է, հանրությանը վախեցնում նախկին իշխանությունների ատկատներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում «Վարչապետը բերում է ատկատի և կյանքի երկընտրանքը» վերնագրով գրառման մեջ նշել է հրապարակախոս Վահան Իշխանյանը։
«Տգետ է, որ հանրությանը մոլորեցնում էր, թե կորոնավիրուսը պինցետով ու տնական օղիով կբուժեն, անպատասխանատու, քանի որ տեսնելով որ օղիով չի բուժվում, ամեն օր վարակվածների թիվը ավելանում է, փոխանակ մարդկանց կյանքի մասին մտածելու, էլի նախկիններին է բամբասում», գրել է Վահան Իշխանյանը։
«Իսկ գուցե նախկիններով տարվելու կպչուն մտքերը նրան անմեղսունա՞կ են դարձրել, քանի որ չի պատկերացնում, որ իր վատ կառավարման պատճառով գալիս է այն պահը, երբ դժվար կգտնվեն հեղափոխության էնպիսի նվիրյալներ, որ պատրաստ են կյանքը զոհել կորոնավիրուսին հանուն նրա, որ Փաշինյանը վարչապետ մնա ու ամեն օր նախկինների ատկատներից խոսի։ Նա իսկապես չգիտի որ լինում են պահեր, որ մարդիկ վախենում են ոչ թե նախկիններից, այլ մահից, և եթե իրենց կյանքը կփրկի թեկուզ մեկը, որն ատկատ է արել, Փաշինյանին իմքայկալանների հետ գրողի ծոցը կուղարկեն», վստահեցրել է հրապարակախոսը։
Այ թե ինչպես է լինում, գրում է Վահան Իշխանյանը, որ «նախիկններին ոգեկոչում է նա, ով կյանքի նպատակը դարձրել է նախկինների դեմ պայքարը, և հասարակությանը անտարբեր է դարձնում կոռուպցիայի նկատմամբ նա, ով ամեն օր աղմկում է կոռուպցիայի դեմ»։