Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ սիրտ էլ չունի մանրամասն անդրադառնալու քայլականների հերթական խայտառակ նախաձեռնությանը։ Հենց հիմա Կառավարությունը «չզեկուցվող» ռեժիմով քննարկում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում փոփոխության նախագիծ՝ սահմանելով մեկուսացման ընթացակարգը։ Ու պատկերացնո՞ւմ եք։ Սահմանում են ինչ-որ պետական մարմնի բանավոր կարգադրության հիման վրա փաստացի ազատությունից զրկվելու հնարավորություն։ Ո՛չ փաստաբանի իրավունք, ո՛չ բողոքարկման գործուն մեխանիզմ։
Ահա թե ուր հասցրեցին իրավաբանությունը։
Ստորև տեքստը, իսկ լինքը՝ մեկնաբանությունում.
«Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` գրավոր կարգադրությամբ: Սույն մասով սահմանված դեպքում անձնական ազատության սահմանափակման ենթարկված յուրաքանչյուր անձ իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է անձնական ազատության իրավունքի սահմանափակման պատճառների մասին և կարող է պահանջել, որ սահմանափակման մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։
5. Արտակարգ դրություն հայտարարելու հիմք հանդիսացած հանգամանքների արդյունքում առաջացած սոցիալական խնդիրների և տնտեսական հետևանքների հակազդման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցությանն ուղղված միջոցառումներ»:
COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ