ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը գրել է. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք: Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը' կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը' ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով: Ուզում եմ նաև հատուկ նշել, որ մեր կողմից թեստավորման հզորությունների մեծացումը օրական 1000 թեստի շատ բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ մեր երկրում օրական այսքան մեծ թվով ՊՇՌ թեստեր չեն արվել: Այս բարդ գործընթացը իր մեջ ներառում է 5 հիմնական բաղադրիչ' մասնագետներ, սարքավորումներ, կենսաանվտանգություն, լոգիստիկա, էլեկտրոնային համակարգ, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ ապահովումը մեծ ջանքեր է պահանջել մեր մասնագետներից: Նման հզորությունները միշտ պետք են գալու մեր երկրին' հետագայում նմանօրինակ մարտահրավերներին դիմակայելու համար»:
#ՄնաՏանը #ԿոտրիրՏեմպը #ԿանխիրՏարածումը