Երեկ լրահոսում կարդացի, որ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ Արդարադատության նախարարի հաղորդման համաձայն (իրականում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ), ԲԴԽ-ն վարույթ է հարուցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Պետության վախճանը»:

Նա, մասնավորապես, նշել է. «Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ չհավատացի, քանի որ չէի պատկերացնում, որ ՀՀ հեղափոխական իշխանությունը կարող է այդ աստիճան «ցածրանալ»։ Ցավոք, տեղեկությունը «կեղծ, ընդդիմադիր ֆեյք» չէր եւ այսօր հաստատվեց։ Ահա եւ ձեզ «ժողովրդավարություն, իրավական պետություն» եւ այլ զառանցանքներ։

Դուք փոխանակ ամրապնդելու, այն է՝ առաջին հերթին չմիջամտելու դատարանների աշխատանքներին, վերջնականապես ոչնչացնում եք առանց այն էլ խոցելի համակարգը։

Ձեր կարծիքով «պատժելով» դատական համակարգում հազվագյուտ բարձր արժանապատվություն եւ մասնագիտական որակներ ունեցող դատավորներին, որոնցից թերեւս առաջինը Ալեքսանդր Ազարյանն է, դուք ամենացավալի, գուցե անդառնալի հարված եք հասցնում հայոց պետականությանը։Այպես շարունակվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը դե ֆակտո կդադարի պետություն լինելուց եւ կվերածվի մի ցեղախմբային տարածքի, իր Վոժդով։ Իսկ դե յուրե ոչնչացումն արդեն ժամանակի հարց է»: