Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԻՆ ՎԱՅԵԼ ՎԱՐՔԻ ՄԱՍԻՆ: ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Օրեր առաջ, ֆեյսբուքյան գրառմամբ, որոշ դիտարկումներ էի արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային վերջին ելույթի վերաբերյալ: Օրեր հետո, Տեր-Պետրոսյանի «ilur.am» կայքի անանուն հեղինակը, խորին երախտագիտություն հայտնելով ինձ առիթ ընծայելու համար, անդրադարձել է իմ մեկ արտահայտությանը. «Լևոն Տեր-Պետրոսյանը հույս է հայտնում, որ երկրորդ և երրորդ նախագահները պետական այրին վայել վարք կդրսևորեն: Ինչն ինքը գրեթե երբեք չի արել»:
 
Հեղինակը թվարկել է 6 «հանրահայտ» փաստ, թե երբ է Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել վարք դրսևորել:
Առանձին ու խմբավորված անդրադառնամ:
Առաջինը 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անմիջապես հետո Տեր-Պետրոսյանի հայտարարությունն է. «Դրությունը հասարակական բոլոր ուժերից և կառավարման բոլոր մարմիններից պահանջում է մեկ մարդու նման համախմբվել հանրապետության նախագահի շուրջ և կատարյալ համերաշխությամբ ու արժանապատվությամբ դիմագրավել մեր պետականությանը նետված մարտահրավերը»:
Միանգամից ասեմ՝ սա հենց այն «գրեթե»-ն է, որ նկատի եմ ունեցել: Այդ կոչը, իրոք, պետական այրին վայել արարք էր: Բայց այստեղ կա բայց․․․
 
Հոկտեմբերի 27-ին հաջորդած վեց ամիսների ընթացքում, երբ հայտնի ուժերն ու առաջին նախագահի անմիջական շրջապատի մարդիկ կատաղորեն ճոճում էին մեր ընդհանուր նավը (դրանք այսօր էլ ասպարեզում են), Տեր-Պետրոսյանը ծպտուն չհանեց: Չասաց՝ սադրիչներ ու չարակամներ են, ատելություն, թշմանանք են սերմանում, երկրորդ ճակատ են բացել, արածները պետական դավաճանություն է: Հետո, երբ իրավիճակը հանդարտվեց, լռեց ընդհանրապես:
 
Անանուն հեղինակի հաջորդ կետն արդեն մեջբերում է Տեր-Պետրոսյանի 2008թ. մայիսի 2-ի ելույթից: Ուշադրություն. Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամբողջ շրջանում պետական այրին վայել խոսքի ոչ մի հիշատակում այլևս չկա: Կրկին ուշադրություն. Տեր-Պետրոսյանը ակտիվացավ 2007թ. աշնանը, երբ գիտեր, որ երկրորդ նախագահը հեռանում է:
 
Ի՞նչ է ասվում երկրորդ կետում. «Մենք պարտավոր ենք նաև անել ամեն ինչ խուսափելու համար ներքաղաքական ցնցումներից և երկրի կայունությանը սպառնացող զարգացումներից, նկատի ունենալով առաջին հերթին այդպիսի իրավիճակից օգտվելուն միտված Ադրբեջանում արտահայտվող տրամադրությունները…»: Եվ սա ասում է մարդը, ով ինքն էր ամիսներ շարունակ ներքաղաքական ցնցումներ հրահրել, մարդկանց տարել բախման, հանգեցրել մարտիմեկյան ողբերգության, որից պետությունն առայսօր ուշքի չի գալիս:
 
Անանուն հեղինակի հաջորդ 3 մեջբերումները վերաբերում են 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտություններին: Գլխավոր միտքը հետևյալն է. անկախ քաղաքական տարաձայնություններից, արտաքին վտանգի դեպքում մենք կանգնած ենք լինելու երկրի ներքաղաքական կայունության պահպանման և անվտանգության պաշտպանության դիրքերում:
 
Բնականաբար համաձայն եմ 2-րդ կետի վերջում և 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում արտահայտված մոտեցմանը: Բայց կարո՞ղ էր այլ կերպ լինել: Ի՞նչ է՝ երկրի առաջին նախագահը կարող էր ասել․ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի ու Հայաստանի վրա, մենք էլ մեր կողմից պարտավոր ենք երկրորդ ճակատ բացել ու կազմաքանդե՞լ պետությունը:
 
Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդպես կարող էր վարվել միայն դավաճանը: Այնպես որ արդար ու ճիշտ չէ այս կետերում պետական այրին վայել վարք գտնել ու հրամցնել: Դեռ չեմ խոսում արցախյան հիմնահարցի լուծման Տեր-Պետրոսյանի՝ «տղա եք, մի տվեք» մշտակայուն-տապալված «հայեցակարգի» մասին:
 
Վերջին՝ 6-րդ կետը մեջբերում է 2016թ. հուլիսի 22-ի խոսքից՝ ՊՊԾ գնդի գրավումից, պետության դեմ կատարված ահաբեկչությունից 5 օր անց միայն: Տեր-Պետրոսյանը դարձյալ խոսում է արտաքին վտանգի դեպքում համախմբվելու անհրաժեշտության մասին: Ոչ մի գնահատական ահաբեկչությանը, ոչ մի բառ պետական հաստատության վրա հարձակվելու անթույլատրելիության մասին, ոչ մի դատապարտում:
 
Պետական այրին վայե՞լ էր այս անատամ տարտամությունը: Թե այդ ժամանակ արդեն հայաստանյան վերջին զարգացումների սաղմերն էին դրվում:
 
Քսանմեկ տարում վեց, այն էլ՝ այսպիսի կետ: Շատ չէ, կարծում եմ:
Առայժմ այսքանը: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում անանուն բծախնդիր հեղինակին, որ միայն մեր մեկ տողին է անդրադարձել:
 
Եթե շարունակություն լինի, սիրով կխոսենք նաև, թե ինչու է հանրապետության առաջին նախագահն իր վերջին ելույթում դատապարտված համարում «ամենաինքնաբավին», ում անունը տալ չի ուզում և թե իր մտքում ինչպիսի հաջորդ իշխանություն է թաքուն պատկերացնում ու նախապատրաստում»: