«Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը առաջարկում է ինձ զբաղվել հանրայինի նյութերի տակ գրվող հայհոյախառն մենկնաբանություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։

 

«Հայտնում եմ իմ պատրաստակամությունը էջի վրա որոշակի փոփոխությունների կատարումով 90 և ավել %-ով բացառել մեկնաբանությունների հայհոյանքները մեկ ամսվա ընթացքում։

 

Սրանով հայտնում եմ Հանրայինի էջին ադմին դառնալու պատրաստակամությունս։ Petros Ghazaryan ջան, դե՝ խոսքդ կատար։ Սպասում եմ ադմինության հայտին»։

 

Դավիթ Խաժակյանն այդպիսով արձագանքել էր Պետրոս Ղազարյանի՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջում հորդորի պատասխանին, որտեղ Հանրային ՀԸ Լրատվական ծառայության ղեկավարը նրան ու Դավիթ Խաժակյանին հրավիրել էր դառնալ Հանրայինի Ֆեյսբուքյան էջի «ադմին»։

 
 

«Անի ջան Հանրայինը օրը հարյուրավոր լուր ու տեսանյութ է տեղադրում։ Ճիշտ ես ասում՝ պետք է նման խոսքերը հեռացնել և հնարավորինս հեռացնում ենք։ Բայց ցավոք մենք չունենք նման ռեսուրսներ։ Մանավանդ երբեմն մեկնաբանությունները հազարներով են։ Եթե դու և Դավիթ Խաժակյանը կհամաձայնեք կամավոր դառնալ ադմին։ Մեծ հաճույքով։

 

Եվ ինչու միայն Թուրքիայից վերադարձողներին։ Մնացածին ատել կարելի է՞», գրել էր Պետրոս Ղազարյանը։

 

Անի Սամսոնյանը Հ1-ին և բոլոր լրատվամիջոցներին կոչ էր արել իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջերում տեղադրված տեսանյութերի մեկնաբանություններից հետևողականորեն հեռացնել Թուրքիայից Հայաստան վերադարձող մեր հայրենակիցների հասցեին հնչող բոլոր վիրավորանքները և ատելության խոսքը: Պատգամավորը համարում է, որ լրատվամիջոցի պաշտոնական էջերում ձևավորվող միջավայրը հավասարազոր է դրա եթերում և մամուլի էջերում տեղ գտած բովանդակությանը և էթիկային:

 

«Ձեր բարոյական պատասխանատվությունն է հեռացնել հայհոյանքը, վիրավորանքը, ատելության խոսքը, եթե դուք համախոհ եք ոչ ատելությանը օրակարգին», գրել էր պատգամավորը: