Աղջի’կս, այս կյանքից դուրս ոչինչ մի փնտրիր' ո’չ Աստված, ո’չ դժոխք, ո’չ դրախտ, դրանցից ոչ մեկն ընդունված ընկալումներով չկա ո’չ այս կյանքում, ո’չ էլ դրանից հետո: Եթե ուզում ես, որ Աստված լինի, մի եղիր նախահարձակ, եթե ուզում ես, որ կյանքդ դրախտ լինի, մի փորձիր ճիշտ լինել' ի հեճուկս ուրիշի, որովհետեւ «ի հեճուկս»-ի մեջ պայքար կա, ուրիշին ոչնչացնելու ձգտում կա: Եվ, ընդհանրապես, հիշի’ր, ուրիշներ չկան, ուրիշները ծնվում են քո ես-ի հետ միասին: Դժոխքը ես-ն է, աղջի’կս, որովհետեւ ես-ը արդարացումներ է սիրում, սիրում է մանեւրել, ես-ն ապրել գիտի այնտեղ, որտեղ մյուսներն արդեն մխրճվում են համերաշխության ճահիճը: Ես-ը սիրում է հաղթել, ես-ը գովազդ է: Ի՞նչ պիտի լինես այս աշխարհում, բացի նրանից, որ դու կաս: Հիշի’ր, աղջի’կս, խելոք մարդն էթիկական հասկացություն է, ոչ թե ինտելեկտուալ: Ինտելեկտուալների 99 տոկոսը հպարտ է, ոմանք' ագրեսիվ, ոմանք' մարդատյաց, ոմանք նույնիսկ պատուհանի մոտ խմբվող ճնճղուկներին չեն նկատում: Խելոք մարդն սկսվում է իր միջի երեխայից: Եվ միշտ հիշում է, որ դիմացինը նույնպես երեխա է եղել: Վայ քեզ, եթե հանկարծ դիմացինդ խելագար եղավ, իսկ դու որոշեցիր, որ նա չար է ու հիմար:

Կից նյութն՝ այստեղ