ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ
Մորեխի մասին, որ մեր աշխարհը կերավ

Հայոց յոթ հարյուր մեկ թվականին (1252 թ.) սարսափելի մորեխ եկավ, այնքան, որ երբ վեր էին բարձրանում, ստվեր էր առաջանում, եւ արեւի լույսը նվազ էր երեւում: Եկավ Պարսկաստանի կողմերից, կերավ մեր հայոց աշխարհը՝ ոչ միայն կանաչ բույսերը, այլեւ երկրի հողը, եւ աղբերն էր լափում, մտնում էր տները երդիկներից, դռներից, եթե բաց էին լինում: Երկիրը սարսափի մատնվեց, եւ հացի սղություն եղավ: Երբ հասավ ձմեռը, գետինը ձու դրեց եւ ոչնչացավ: Հողը հոտից նեխեց: Երբ յոթ հարյուր երկու թվականի (1253 թ.) գարունը եկավ, հողը բուսցրեց մորեխի ձագեր այնպիսի սարսափելի թանձրությամբ, մինչեւ իսկ ծածկվեցին երկրի հողն ու քարերը: Երեկոյան ժամերին բլրաձեւ կուտակվում էին միմյանց վրա: Սկսեց ուտել կանաչն ու հողը: Մարդիկ մտածեցին թողնել իրենց բնակությունները եւ գնալ օտարություն, որտեղ որ ուտելիք գտնեն: Եվ քանի որ նախապես կերել էր շրջակա երկրները՝ սկսած Սպանիայից, Ասիայից, Պարսկաստանից, Միջագետքից, այդ պատճառով չգիտեին ինչ անեն: Սկսեցին այնուհետև ապավինել ամենակարող ձեռքին ու հզոր բազուկին, որ ոչնչությունից գոյացրեց արարածներին եւ իր ողորմաթյամբ միշտ խնամում է սրանց, որի համար եւ անհնարինները հնարավոր են: Արտասուքներով եւ ուխտերով նրանից հայցում էին, որ պատուհասը վերացնի երկրից: Իսկ ողորմած Աստված ծանր վերքերին արագ սպեղանի տվեց, եւ «ով հարվածեց, նա էլ բժշկեց»: Որովհետեւ խատուտիկ փոքր թռչունների մի բազմություն եկավ, որին շատության համար սովորաբար տարմ են ասում, եւ կարգով սկսեց եզրերից, համահավասար կերավ սպառեց մորեխի ամբողջ բազմությունը, այնպես որ մի հատ էլ չէր գտնվոււմ։ Եվ այնտեղ պետք էր տեսնել, թե ինչպես ամեն բերան Աստծու գովությամբ էր զբաղված, ամեն միտք հիացման մեջ էր: Բայց այն զրույցը, որ վերաբերում է այս թռչուններին, արժանի է սքանչացման։

Տիգրան Պասկևիչյանի ֆեյսբուքյան էջից: